ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱԳԵՑԱԾ ԾՐԱԳԻՐ`ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ
Արդեն չորրորդ տարին է, ինչ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը մայրաքաղաքի Ս.Շահումյանի անվան պուրակում համատեղ կազմակերպում են Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառում` ուսանողների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ռազմամարզական վարժարանի սաների, զինծառայողների մասնակցությամբ:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ զորավարի տոնը հռչակվել է որպես երիտասարդության օրհնության օր:
Ավանդույթի համաձայն, միջոցառումից մեկ օր առաջ, երիտասարդների միջոցով քաղաքի փողոցներում բաժանվել են գեղեցիկ ձևավորված խորհրդանշական աղաբլիթներ` Ս.Սարգիս զորավարի մասին փոքրիկ պատմությամբ` բուկլետի տեսքով:
Այս տարի Ս.Սարգսին նվիրված տոնը նշվեց փետրվարի 11-ին: Միջոցառման ընթացքում իրականացված մշակութային /համերգային/ ծրագիրը հագեցած էր մրցույթներով, հաճելի անակնկալներով: Երիտասարդների համար ոգևորություն էր ճերմակ ձիու վրա`Սուրբ Սարգիս զորավարի <<հայտնությունը>>: Ծրագրում ներառված էին արտասանություններ, ժողովրդական երգեր ու պարեր:
Տոնակատարությանն իրենց հետաքրքրիր ելույթներով աչքի ընկան <<Մենք ենք, մեր սարերը>> երգի-պարի պետական համույթը, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի, արվեստի դպրոցի, Շուշիի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաները, <<Արցախի ձայներն>> ու Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվի կատարողները:
Միջոցառմանը, խորհրդանշական տոնի առթիվ, երիտասարդներին ողջունել և օրհնանքի խոսքեր է հղել Արթուր Սարկավագ Խոնոյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն