30.12.2016 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ, ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի հայրենակիցներ. Պատմության գիրկն է անցնում 2016 թվականը, որը արցախահայության համար նոր փորձությունների ու նաև ստեղծարար աշխատանքի տարի էր: Հաղթահարելով ոչ քիչ դժվարություններ, մեզ հաջողվեց նշանակալի ձեռքբերումներ արձանագրել անկախության կերտման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու տնտեսության զարգացման ճանապարհին: Ապրիլյան պատերազմի դժվար օրերին մենք մեր ժողովրդի միասնությամբ վերստին ապացուցեցինք սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, մեր արդար պայքարը վերջնական հանգրվանին հասցնելու վճռականությունը, արժանի հակահարված հասցնելով թշնամու ոտնձգություններին: Ընթացիկ տարում Արցախի իշխանությունների աջակցությամբ տնտեսության բնագավառում շարունակվել են վերջին տարիներին սկիզբ առած մի շարք ծրագրեր, ուղղված մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը: Առաջնահերթ խնդիրների շարքում էին. -բնակարանաշինությունը և դպրոցաշինությունը -հասարակական և առողջապահական օբյեկտների շինարարությունը և կապիտալ վերանորոգումը -մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացումը -փողոցների կապիտալ վերանորոգումը և բարեկարգումը -քաղաքի սանիտարական վիճակի բարելավումը -քաղաքի ճարտարապետական տեսքի բարելավումը և կանաչապատումը -բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգումը, տանիքների կապիտալ վերանորոգումը, մանկական խաղահրապարակների կառուցումը և այլն: Պատահական չէ, որ օր-օրի ավելի գեղեցիկ և բարեկարգ տեսք է ստանում մայրաքաղաքը: Դրական տեղաշարժերն, իրոք, նկատելի են: Միևնույն ժամանակ պիտի խոստովանել, որ դեռևս չլուծված են մնում բնակչության կենսական նշանակության մի շարք խնդիրներ: Այդ տեսանկյունից, անելիքներ քիչ չունեն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպություններն ու կառույցները, որոնց արդյունավետ գործունեությամբ է պայմանավորված բնակչության սոցիալական ու կենցաղային պայմանների բարելավման մակարդակի բարձրացումը: Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է առավել սրտացավ գտնվել շրջապատի նկատմամբ: Պիտի գիտակցել մի պարզ ճշմարտություն, որ Ստեփանակերտը բոլորիս հարազատ տունն է և ձգտենք մեր անձնական ներդրումն ունենալ նրա զարգացման ու բարգավաճման գործում: Հույսեր կապելով Նոր տարվա հետ, մենք, անշուշտ, ակնկալիքներ ունենք նրանից: Իսկ, որպեսզի իրականանան սպասելիքները, պիտի վճռական գտնվենք մեր բոլոր ձեռնարկումներում, համատեղենք մեր ջանքերը, անենք ամեն ինչ, որպեսզի մեր սիրելի Ստեփանակերտը լինի ավելի գեղեցիկ, ավելի հմայիչ, ավելի հարմարավետ ապրելու և աշխատելու համար: Սիրելի համաքաղաքացիներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում երջանկություն ու ամենայն բարիք: Թող Նոր տարին ստեփանակերտցիներիս, համայն հայության համար լինի կայունության և խաղաղության տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
|
< Վերադառնալ |