03.11.2016 Ս.ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
ՎԱՂԱՄԵՌԻԿ ԳԵՂԱՆԿԱՐՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Այսպես կարելի է ընկալել ծննդյան 65-րդ տարելիցի կապակցությամբ տաղանդավոր գեղանկարիչ, ԼՂՀ վաստակավոր նկարիչ Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված միջոցառումը, որը նոյեմբերի 1-ին նախաձեռնել էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Արցախի նկարիչների միությունը, վաղամեռիկ արվեստագետի հարազատներն ու ընկերները: Այն մեկնարկեց նկարչի արվեստանոցի /ուր երկար տարիներ նա ստեղծագործել է/ մուտքի մոտ տեղադրված հարթաքանդակի հանդիսավոր բացման արարողությամբ: Միջոցառմանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք, Ս.Գաբրիելյանի հարազատներն ու ընկերները, մայրաքաղաքի մտավորականության ներկայացուցիչներ: Գրող, հեռուստալրագրող Համլետ Մարտիրոսյանը բացման խոսքում արժևորելով արվեստագետի անցած ճանապարհը և ստեղծագործական հարուստ ժառանգությունը, համոզմունք հայտնեց, որ նրա լուսավոր կտավները շարունակելու են ջերմացնել մարդկանց հոգիները ու, նկարչի լավատեսություն ներշնչող հյութեղ, վառ գույները երբեք չեն խամրելու: Սամվել Գաբրիելյան գեղանկարչի վառ անհատականության մասին իրենց ելույթներում անդրադարձ կատարեցին նաև ԼՂՀ ԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը, Շուշիի Հ.Գյուրջյանի անվան կիրառական ինստիտուտի տնօրեն, հարթաքանդակի հեղինակ Յուրի Հովհաննիսյանը: Արվեստագետի հարթաքանդակի բացման իրավունքը տրվեց Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին և Ս.Գաբրիելյանի այրուն` Անժելա Գաբրիելյանին: Նույն օրը մայրաքաղաքի պետական պատկերասրահում կայացել է գեղանկարչի ստեղծագործությունների հոբելյանական ցուցահանդեսը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |