Ս.ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

03.11.2016

ՎԱՂԱՄԵՌԻԿ ԳԵՂԱՆԿԱՐՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

 

Այսպես կարելի է ընկալել ծննդյան 65-րդ տարելիցի կապակցությամբ  տաղանդավոր գեղանկարիչ, ԼՂՀ վաստակավոր նկարիչ  Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված միջոցառումը, որը  նոյեմբերի 1-ին նախաձեռնել էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Արցախի նկարիչների միությունը, վաղամեռիկ արվեստագետի հարազատներն ու ընկերները:

Այն մեկնարկեց նկարչի արվեստանոցի /ուր երկար տարիներ նա ստեղծագործել է/ մուտքի մոտ տեղադրված հարթաքանդակի հանդիսավոր բացման արարողությամբ:

Միջոցառմանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք, Ս.Գաբրիելյանի  հարազատներն ու ընկերները, մայրաքաղաքի մտավորականության  ներկայացուցիչներ:

Գրող, հեռուստալրագրող Համլետ Մարտիրոսյանը բացման խոսքում    արժևորելով արվեստագետի  անցած ճանապարհը և ստեղծագործական հարուստ ժառանգությունը, համոզմունք հայտնեց, որ նրա լուսավոր կտավները շարունակելու են ջերմացնել մարդկանց հոգիները ու, նկարչի լավատեսություն ներշնչող հյութեղ, վառ գույները երբեք չեն խամրելու: Սամվել Գաբրիելյան գեղանկարչի վառ անհատականության մասին իրենց ելույթներում անդրադարձ կատարեցին նաև ԼՂՀ  ԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը, Շուշիի Հ.Գյուրջյանի անվան կիրառական  ինստիտուտի տնօրեն,   հարթաքանդակի հեղինակ Յուրի Հովհաննիսյանը:

Արվեստագետի հարթաքանդակի բացման իրավունքը տրվեց Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին և Ս.Գաբրիելյանի այրուն` Անժելա Գաբրիելյանին:

Նույն օրը մայրաքաղաքի պետական պատկերասրահում կայացել է   գեղանկարչի ստեղծագործությունների հոբելյանական ցուցահանդեսը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն