24.10.2016   ԾՐԱԳԻՐԸ ԳՈՐԾՈՒՄ Է 2013 ԹՎԱԿԱՆԻՑ. ԵՐԵՎԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԾՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊԲ Ն ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

 

Արդեն չորրորդ տարին է, ինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները, տեսակցելու նպատակով այցելում են սահմանամերձ զորամասեր, տեղում ծանոթանում իրենց զավակների ծառայության պայմաններին, քաջալերում նրանց խորհուրդնելով և  հորդորներով, գոտեպնդված վերադառնում տուն: Հատկանշական է, որ ծրագրի շրջանակում, որ իրականացվում է 2013 թվականից, իրենց զավակներին տեսակցելու հնարավորություն են ունեցել շուրջ 7 հազար ծնողներ:

Հոկտեմբերի 22-ին երևանաբնակ ծնողների և հարազատների հերթական խումբը /ավելի քան 350 հոգի/ ժամանեց Արցախ: Հայաստանի մայրաքաղաքից, ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ ուղևորներին ճանապարհել և բարեմաղթանքների խոսքեր է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով շնորհակալություն է հայտնել ԼՂՀ պաշտպանության նախարարին և Ստեփանակերտի իր գործընկերոջը` քաղաքապետ  Սուրեն Գրիգորյանին, սերտ համագործակցության, ծրագրին աջակցելու համար:

Երևանից ժամանած ծնողներին աղուհացով  են դիմավորել ՊԲ կենտրոնական պաշտպանական շրջանի զորամասում: Ավանդույթի համաձայն, զինվորների ուղեկցությամբ նրանք, որպես սիրո և խոր հարգանքի նշան, ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:  Ապա տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը, որին  ներկա են գտնվել նաև Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը, ելույթներ են ունեցել ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի` զինվորական անձնակազմի հետ  տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, Երևանի քաղաքապետարանի  սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և ուրիշներ: Ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ զինվորներ պարգևատրվեցին Տ.Մարգարյանի շնորհալակագրերով:

Երեկոյան զորամասի ակումբում համերգային ծրագրով հանդես է եկել Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան երգի-պարի համույթը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն