Արդեն չորրորդ տարին է, ինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները, տեսակցելու նպատակով այցելում են սահմանամերձ զորամասեր, տեղում ծանոթանում իրենց զավակների ծառայության պայմաններին, քաջալերում նրանց խորհուրդնելով և հորդորներով, գոտեպնդված վերադառնում տուն: Հատկանշական է, որ ծրագրի շրջանակում, որ իրականացվում է 2013 թվականից, իրենց զավակներին տեսակցելու հնարավորություն են ունեցել շուրջ 7 հազար ծնողներ:
Հոկտեմբերի 22-ին երևանաբնակ ծնողների և հարազատների հերթական խումբը /ավելի քան 350 հոգի/ ժամանեց Արցախ: Հայաստանի մայրաքաղաքից, ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ ուղևորներին ճանապարհել և բարեմաղթանքների խոսքեր է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով շնորհակալություն է հայտնել ԼՂՀ պաշտպանության նախարարին և Ստեփանակերտի իր գործընկերոջը` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, սերտ համագործակցության, ծրագրին աջակցելու համար:
Երևանից ժամանած ծնողներին աղուհացով են դիմավորել ՊԲ կենտրոնական պաշտպանական շրջանի զորամասում: Ավանդույթի համաձայն, զինվորների ուղեկցությամբ նրանք, որպես սիրո և խոր հարգանքի նշան, ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Ապա տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը, ելույթներ են ունեցել ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի` զինվորական անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և ուրիշներ: Ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ զինվորներ պարգևատրվեցին Տ.Մարգարյանի շնորհալակագրերով:
Երեկոյան զորամասի ակումբում համերգային ծրագրով հանդես է եկել Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան երգի-պարի համույթը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն