28.09.2016   ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Օրակարգում` ձմռան և Ամանորի  տոնական միջոցառումների նախապատրաստման հարցերն էին

 

Գլխավորապես ձմռան նախապատրաստման, ինչպես նաև Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ծրագրվող աշխատանքների ընթացքն է քննության առնվել սեպտեմբերի 27-ին` քաղաքապետարանի պատասխանատուների և նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների և ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ` ավագանու նիստերի դահլիճում հրավիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրելով այդ կարևորագույն խնդիրների վրա, քաղաքապետը հանձնարարեց մանրակրկիտ ուսումնասիրել <<Ձմեռ-2017-ի>> ծրագիրը, հանդես գալ առաջարկություններով, լրջորեն նախապատրաստվել քննաշրջանին, պատրաստ լինել դիմակայելու ամենադժվարին փորձություններին: Նպատակ ունենալով արժանավույն կերպով նշել Ամանորը և տոնական միջոցառումներին ներգրավել առավել մեծ թվով ստեփանակերտցիների, Ս.Գրիգորյանը կազմակերպիչներին հորդորեց առանձնակի շուք հաղորդել մայրաքաղաքին, քայլերը ձեռնարկել Նոր տարին արժանապատվորեն դիմավորելու համար:

Խորհրդակցությունում, քաղաքապետն անդրադարձավ նաև բոլոր հարկատեսակների գծով վարձավճարների հավաքագրման և մուտքերի ապահովման ընթացքին, կազմակերպությունների ղեկավարներին պարտավորեցրեց խանայողաբար օգտագործել ֆինանսական  միջոցները և տարեվերջին եկամուտների աճ ապահովել: Քննարկումների ժամանակ չշրջանցվեցին նաև   բնակչության կենսական նշանակության  առաջնահերթ խնդիրները:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն