Օրակարգում` ձմռան և Ամանորի տոնական միջոցառումների նախապատրաստման հարցերն էին
Գլխավորապես ձմռան նախապատրաստման, ինչպես նաև Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ծրագրվող աշխատանքների ընթացքն է քննության առնվել սեպտեմբերի 27-ին` քաղաքապետարանի պատասխանատուների և նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների և ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ` ավագանու նիստերի դահլիճում հրավիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրելով այդ կարևորագույն խնդիրների վրա, քաղաքապետը հանձնարարեց մանրակրկիտ ուսումնասիրել <<Ձմեռ-2017-ի>> ծրագիրը, հանդես գալ առաջարկություններով, լրջորեն նախապատրաստվել քննաշրջանին, պատրաստ լինել դիմակայելու ամենադժվարին փորձություններին: Նպատակ ունենալով արժանավույն կերպով նշել Ամանորը և տոնական միջոցառումներին ներգրավել առավել մեծ թվով ստեփանակերտցիների, Ս.Գրիգորյանը կազմակերպիչներին հորդորեց առանձնակի շուք հաղորդել մայրաքաղաքին, քայլերը ձեռնարկել Նոր տարին արժանապատվորեն դիմավորելու համար:
Խորհրդակցությունում, քաղաքապետն անդրադարձավ նաև բոլոր հարկատեսակների գծով վարձավճարների հավաքագրման և մուտքերի ապահովման ընթացքին, կազմակերպությունների ղեկավարներին պարտավորեցրեց խանայողաբար օգտագործել ֆինանսական միջոցները և տարեվերջին եկամուտների աճ ապահովել: Քննարկումների ժամանակ չշրջանցվեցին նաև բնակչության կենսական նշանակության առաջնահերթ խնդիրները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն