03.11.2015 ՄԻԱՄՍՅԱԿԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ինչպես հայտնի է, քաղաքապետ Ս.Գրիգորյանի որոշմամբ, նոյեմբերի 1-ից 30-ը մայրաքաղաք Ստեփանակերտում հայտարարված է ծառատնկման , սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակ: Գործընթացն արդեն մեկնարկել է, և միամսյակի շրջանակում <<Սանմաքրում>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, <<Ակադեմիկոս Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի>> կազմակերպությունների աշխատակիցներն ամենատարբեր տարածքներում ձեռնամուխ են եղել նախանշված ծրագրի իրականացմանը: Դրան նպաստել է նաև փոխքաղաքապետ, միամսյակի աշխատանքների համակարգման հանձնաժողովի նախագահ Արմեն Հակոբյանի մոտ` հիշյալ կառույցների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունը: Փորձելով արդյունավետ օգտագործել ընձեռված հնարավորությունները, ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգու մասնագետներն ու բանվորները քաղաքի տարբեր վայրերում արդեն սանիտարական էտ են իրականացնում` ազատվելով տարեց, վթարային ծառերից: Աշնանային էտին զուգընթաց, միաժամանակ <<ծերացած>> ծառերը փոխարինվում են ջահել տնկիներով: Քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանի հավաստմամբ, <<ծառահատումներն ինքնանպատակ չեն և իրականացվող գործընթացը միտված է կանաչ զանգվածի, մասնավորապես` ծառատեսակների երիտասարդացմանը>>: Մայրաքաղաքում արդյունավետ աշխատանքներ են տարվում և սանիտարական մաքրության բարելավման և բարեկարգման ուղղությամբ: Միամսյակին շուտով կներգրավվեն նաև պետական ու մասնավոր կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |