ՄԻԱՄՍՅԱԿԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

03.11.2015

  Ինչպես հայտնի է, քաղաքապետ Ս.Գրիգորյանի որոշմամբ, նոյեմբերի 1-ից 30-ը մայրաքաղաք Ստեփանակերտում հայտարարված է ծառատնկման , սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակ:

  Գործընթացն արդեն մեկնարկել է, և միամսյակի շրջանակում <<Սանմաքրում>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, <<Ակադեմիկոս Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի>> կազմակերպությունների աշխատակիցներն ամենատարբեր տարածքներում ձեռնամուխ են եղել նախանշված ծրագրի իրականացմանը: Դրան նպաստել է նաև փոխքաղաքապետ, միամսյակի աշխատանքների համակարգման հանձնաժողովի նախագահ Արմեն Հակոբյանի մոտ` հիշյալ կառույցների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունը:

  Փորձելով արդյունավետ օգտագործել ընձեռված հնարավորությունները, ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգու մասնագետներն ու բանվորները քաղաքի տարբեր վայրերում արդեն սանիտարական  էտ են իրականացնում` ազատվելով տարեց,  վթարային ծառերից: Աշնանային  էտին զուգընթաց, միաժամանակ <<ծերացած>> ծառերը փոխարինվում են ջահել  տնկիներով:

  Քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն  Գրիգորյանի հավաստմամբ, <<ծառահատումներն ինքնանպատակ  չեն  և իրականացվող գործընթացը միտված է կանաչ զանգվածի, մասնավորապես` ծառատեսակների երիտասարդացմանը>>:

  Մայրաքաղաքում արդյունավետ աշխատանքներ են տարվում և սանիտարական մաքրության բարելավման և բարեկարգման ուղղությամբ: Միամսյակին շուտով կներգրավվեն նաև պետական ու մասնավոր կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն