01.06.2015   ՕՐՎԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ` ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն  է

1950 թվականից` ՄԱԿ-ի օժանդակությամբ հունիսի 1-ը ամբողջ աշխարհում հռչակվեց  որպես երեխաների պաշտպանության օր:

  Նորանկախ մեր հանրապետության իշխանությունների կողմից արվում է հնարավորը երեխաների  իրավունքները պաշտպանելու, նրանց համար երջանիկ և անհոգ մանկություն ապահովելու համար:  Երկրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին, առաջնահերթությունների շարքում են  մնում նրանց առողջության պահպանման և սոցիալական մյուս խնդիրները:

            Ինչպես հանրապետության մյուս բնակավայրերում, մայրաքաղաք Ստեփանակերտում ևս երեխաների պաշտպանության միջազգային օրն անցել է հագեցած: Քաղաքապետի կողմից հաստատված ծրագրի շրջանակում անցկացվել են մի շարք ուշագրավ միջոցառումներ: Իսկ նպատակը մեկն էր` հունիսի 1-ին երեխաների օրը  դարձնել տոն` մշակութային զվարճալի ծրագրով:

Առավոտյան ժամը 11.00 –ին Ստեփան Շահումյանի պուրակում մեկնարկեց <<Կավճանկարներ` ասֆալտի վրա>> միջոցառումը` Ստեփանակերտի մանակապատանեկան ստեղծագործության կենտրոնի նկարչական խմբերի 50 սաների մասնակցությամբ: Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր ներաշխարհը, սիրած թեմաները, և ցուցադրեց հոգու ջերմությունն ու ստեղծագործական ընկալումները: Բոլորն էլ քաղաքապետարանի կողմից պարգևատրվեցին հուշանվերներով:

Ժամը 12.00-ին, մրցույթին հաջորդեց երեխաների պաշտպանության օրվան նվիրված  տոնական համերգը` Ստեփանակերտի մշակույթի տան գեղարվեստական խմբերի ուժերով, որին իրենց  մասնակցությունը բերեցին նաև  քաղաքի Հ.Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաները:

Հնչեցին հայրենասիրական երգեր ու  արտասանություններ, որոնք ուղեկցվում էին ջերմ ծափահարություններով և ողջույներով: Երգացանկի մի զգալի մասը վերաբերում էր Արցախ աշխարհին, մայրաքաղաք Ստեփանակերտին: Անպակաս էին նաև մայրական թեմայով ստեղծագործությունները: Ասել է թե` օրվա հերոսները երեխաներն էին` ուրախ և զվարթ հայացքներով:

Հատկանշական է, որ պարային կատարումներին հաճախ  միանում էին նաև փոքրիկ հանդիսատեսները` ոգևորություն հաղորդելով տոնական տրամադրությանը:

Տոնական միջոցառումներին ներկա էր նաև փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն