Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է
1950 թվականից` ՄԱԿ-ի օժանդակությամբ հունիսի 1-ը ամբողջ աշխարհում հռչակվեց որպես երեխաների պաշտպանության օր:
Նորանկախ մեր հանրապետության իշխանությունների կողմից արվում է հնարավորը երեխաների իրավունքները պաշտպանելու, նրանց համար երջանիկ և անհոգ մանկություն ապահովելու համար: Երկրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին, առաջնահերթությունների շարքում են մնում նրանց առողջության պահպանման և սոցիալական մյուս խնդիրները:
Ինչպես հանրապետության մյուս բնակավայրերում, մայրաքաղաք Ստեփանակերտում ևս երեխաների պաշտպանության միջազգային օրն անցել է հագեցած: Քաղաքապետի կողմից հաստատված ծրագրի շրջանակում անցկացվել են մի շարք ուշագրավ միջոցառումներ: Իսկ նպատակը մեկն էր` հունիսի 1-ին երեխաների օրը դարձնել տոն` մշակութային զվարճալի ծրագրով:
Առավոտյան ժամը 11.00 –ին Ստեփան Շահումյանի պուրակում մեկնարկեց <<Կավճանկարներ` ասֆալտի վրա>> միջոցառումը` Ստեփանակերտի մանակապատանեկան ստեղծագործության կենտրոնի նկարչական խմբերի 50 սաների մասնակցությամբ: Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր ներաշխարհը, սիրած թեմաները, և ցուցադրեց հոգու ջերմությունն ու ստեղծագործական ընկալումները: Բոլորն էլ քաղաքապետարանի կողմից պարգևատրվեցին հուշանվերներով:
Ժամը 12.00-ին, մրցույթին հաջորդեց երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնական համերգը` Ստեփանակերտի մշակույթի տան գեղարվեստական խմբերի ուժերով, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև քաղաքի Հ.Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաները:
Հնչեցին հայրենասիրական երգեր ու արտասանություններ, որոնք ուղեկցվում էին ջերմ ծափահարություններով և ողջույներով: Երգացանկի մի զգալի մասը վերաբերում էր Արցախ աշխարհին, մայրաքաղաք Ստեփանակերտին: Անպակաս էին նաև մայրական թեմայով ստեղծագործությունները: Ասել է թե` օրվա հերոսները երեխաներն էին` ուրախ և զվարթ հայացքներով:
Հատկանշական է, որ պարային կատարումներին հաճախ միանում էին նաև փոքրիկ հանդիսատեսները` ոգևորություն հաղորդելով տոնական տրամադրությանը:
Տոնական միջոցառումներին ներկա էր նաև փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն