22.05.2015 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ 2014-2015 ՈՒՍ.ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի շրջանավարտներ Շնորհավորում եմ վերջին զանգի կապակցությամբ, որը հնչում է որպես նոր և հասուն կյանքի սկիզբն ազդարարող ղողանջ: Բնական է այն հուզմունքը, որ այս պահին ապրում եք դուք` հրաժեշտ տալով հարազատ դարձած կրթօջախներին, ձեր սիրելի ուսուցիչներին: Սակայն դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի մեկ այլ խորհուրդ ևս: Այն ձեզ առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզ: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կօգնեն ձեզ` սեփական ունակություններն ու կարողություններն ի սպաս դնելու մեր երիտասարդ, անկախ երկրի շենացմանն ու բարգավաճմանը, մեր ստեղծարար, հերոսական ժողովրդի իղձերի ու նպատակների իրագործմանը: Այսօր դուք գտնվում եք կյանքի մի նոր շրջանի նախաշեմին: Ու ճանապարհներն ուր էլ որ ձեզ տանելու լինեն, ցանկանում եմ, որպեսզի այն անցնեք առանց ցնցումների, հաստատուն, վստահ քայլերով, դպրոցում ձեռք բերած գիտելիքները կարողանաք կատարելագործել, հետզհետե ավելի ամրապնդել և դուրս գալ նոր ուղեծիր: Ուսումնառության մի նոր փուլ է սկսվում իններորդցիների համար, որոնք կանգնած են ուսումն ավագ դպրոցներում կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում շարունակելու ընտրության առաջ: Ինչպիսի մասնագիտություն էլ որ ընտրելու լինեք, միշտ հիշեք, որ ձեր յուրաքանչյուր քայլին հետևում են ձեր ծնողներն ու ուսուցիչները և պարտավորված եք անպայմանորեն արդարացնել նրանց ակնկալիքները: Սիրելի շրջանավարտներ Վերջին զանգի առիթով մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, նոր ձեռքբերումներ` առօրյա կյանքում, ուսման մեջ, նախընտրած բնագավառում: Թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու ցանկությունները ամենուր ուղեկցեն հաջողությունները: Բարի երթ, սիրելի շրջանավարտներ: ք.Ստեփանակերտ 23-ին մայիսի, 2015թ. |
< Վերադառնալ |