ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ 2014-2015 ՈՒՍ.ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

22.05.2015

Սիրելի շրջանավարտներ

 Շնորհավորում եմ վերջին զանգի կապակցությամբ, որը հնչում է որպես նոր և հասուն կյանքի սկիզբն ազդարարող ղողանջ:

 Բնական է այն հուզմունքը, որ այս պահին ապրում եք դուք` հրաժեշտ տալով հարազատ դարձած կրթօջախներին, ձեր սիրելի ուսուցիչներին: Սակայն դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի մեկ այլ խորհուրդ ևս: Այն ձեզ առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզ: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կօգնեն ձեզ` սեփական ունակություններն ու կարողություններն ի սպաս դնելու մեր երիտասարդ, անկախ երկրի շենացմանն ու բարգավաճմանը, մեր ստեղծարար, հերոսական ժողովրդի իղձերի ու նպատակների իրագործմանը:

 Այսօր դուք գտնվում եք կյանքի մի նոր շրջանի նախաշեմին: Ու ճանապարհներն ուր էլ որ ձեզ տանելու լինեն, ցանկանում եմ, որպեսզի այն անցնեք առանց ցնցումների, հաստատուն, վստահ քայլերով, դպրոցում ձեռք բերած գիտելիքները կարողանաք կատարելագործել, հետզհետե ավելի ամրապնդել և դուրս գալ նոր ուղեծիր:

 Ուսումնառության մի նոր փուլ է սկսվում իններորդցիների համար, որոնք կանգնած են ուսումն ավագ դպրոցներում կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում շարունակելու ընտրության առաջ: Ինչպիսի մասնագիտություն էլ որ ընտրելու լինեք, միշտ հիշեք, որ ձեր յուրաքանչյուր քայլին հետևում են ձեր ծնողներն ու ուսուցիչները և պարտավորված եք անպայմանորեն արդարացնել նրանց ակնկալիքները:

 Սիրելի շրջանավարտներ

 Վերջին զանգի առիթով մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, նոր ձեռքբերումներ` առօրյա կյանքում, ուսման մեջ, նախընտրած բնագավառում:

 Թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու ցանկությունները ամենուր ուղեկցեն հաջողությունները:

  Բարի երթ, սիրելի շրջանավարտներ:

ք.Ստեփանակերտ

23-ին մայիսի, 2015թ.