20.11.2014 ՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՀՆԵՐԳԻ /ՀԻՄՆԻ/ ՀԱՄԱՐ
Ինչպես տեղեկացրել ենք ընթերցողներին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ անց է կացվում Ստեփանակերտի օրհներգի /հիմնի/ բաց մրցույթ, որին մասնակցելու նպատակով հեղինակների կողմից ներկայացվել է 8 հայտ: Նոյեմբերի 20-ին կայացած մրցութային հանձնաժողովի նիստի ժամանակ, որը գլխավորում էր Ս.Գրիգորյանը, քննարկումների արդյունքում հավանության արժանացան երկու աշխատանքներ` բանաստեղծ Արկադի Թովմասյանի և ՊԲ սպա Գառնիկ Ավանեսյանի` Ստեփանակերտի օրհներգի համար գրված տեքստերը, որոնք և երաշխավորվեցին ընդգրկել մրցույթի հաջորդ փուլ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրության կողմից ամենատարբեր կարծիքներ, տեսակետներ կարող են հնչեցվել վերոհիշյալ տեքստերի /ստեղծագործությունների/ վերաբերյալ, իսկ օրհներգի համար նախընտրելի է ամենահաջողված տարբերակը, քաղաքապետ, հանձնախմբի նախագահ Սուրեն Գրիգորյանն առաջարկեց երկու հեղինակների աշխատանքներն էլ տեղադրել Ստեփանակերտի քաղաքապետարանի կայքէջում, ինչպես նաև տպագրել <<Ազատ Արցախ>> հանրապետական և <<Ստեփանակերտ>> քաղաքային թերթերում և ունկնդրել ընթերցողներիկարծիքը: Ակնկալվում է, որ առաջարկվող տեքստերով որոշ կոմպոզիտորների մոտնաև ցանկություն կառաջանա` օրհներգի համար երաժշտություն գրել: Սպասում ենք ընթերցողների արձագանքներին: Հավատացած եղեք, որ ընտրությունը լինելու է արդար ու անաչառ, և օրհներգի համար կերաշխավորվեն այն աշխատանքները, որոնք մրցույթում հաջողությամբ քննություն կբռնեն և կարժանանան հանրության հավանությանը:
Ստեփանակերտ քաղաքի օրհներգի /հիմնի/ մրցութային հանձնաժողով
Ձեր կարծիքներն ու տեսակետները կարող եք ուղարկել էլեկտրոնային հետևյալ հասցեով`stepmayor@mail.ru, Ստեփանակերտ քաղաքի օրհներգի /հիմնի/ մրցութային հանձնաժողովին
Արկադի Թովմասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ՕՐՀՆԵՐԳԸ
Վարարակնից ես դու ծնունդ առել Ու դարձել այսօր անպարտ մի քաղաք, Հայոց աշխարհի հերոս մի քաղաք, Դու Ստեփանակերտ, մեր մայրաքաղաք:
Կրկներգ Ստեփանակերտ, Ստեփանակերտ, Մեր երազների քաղաք ձեռակերտ, Դու պիտի ապրես ու հարատևես, Մեր երազներից հրաշքներ կերտես:
Արցախ աշխարհի դու մայր սրբացած, Փառք հերոսներին քո նահատակված, Ոչ մի բարբարոս չի կարող գերել, Չի կարողանա քո հողին տիրել…
Կրկներգ Հզոր Մռովն է քեզ թիկունք եղել, Ամարասն է քո հոգուն թև տվել, Գանձասարն է քեզ հավատ պարգևել, Որ ազատ ճախրես դու հար հավիտյան:
Կրկներգ
Գառնիկ Ավանեսյան ՕՐՀՆԵՐԳ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ
Ազատ Արցախի սիրտն ես աննկուն, Անվեհեր քաջաց օրրանը կանգուն, Հայոց պայքարի ոգին անկոտրում, Դրախտավայրը զորեղ ու գեղուն: Կրկներգ Ադամանդակուռ թագն ես Արցախի, Դուռն ազատության գոյապայքարի, Իմ Ստեփանակերտ, կարոտն ես հայի, Հպարտությունը` մեր Տատ ու Պապի:
Ուժն ես հայության դու հավաքական, Հայոց փրկության զարկը հաղթական, Հայ մկրտության տունը զորական, Ու համբերության թասը մոգական: Կրկներգ Վարարակն իմ հին, ծաղկում ես, բուրում Բարեպաշտության ավանդույթներով, Անձնուրաց որդու անունն ես կրում Զորավոր խաչը ապավինելով: Կրկներգ |
< Վերադառնալ |