Ինչպես տեղեկացրել ենք ընթերցողներին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ անց է կացվում Ստեփանակերտի օրհներգի /հիմնի/ բաց մրցույթ, որին մասնակցելու նպատակով հեղինակների կողմից ներկայացվել է 8 հայտ:
Նոյեմբերի 20-ին կայացած մրցութային հանձնաժողովի նիստի ժամանակ, որը գլխավորում էր Ս.Գրիգորյանը, քննարկումների արդյունքում հավանության արժանացան երկու աշխատանքներ` բանաստեղծ Արկադի Թովմասյանի և ՊԲ սպա Գառնիկ Ավանեսյանի` Ստեփանակերտի օրհներգի համար գրված տեքստերը, որոնք և երաշխավորվեցին ընդգրկել մրցույթի հաջորդ փուլ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրության կողմից ամենատարբեր կարծիքներ, տեսակետներ կարող են հնչեցվել վերոհիշյալ տեքստերի /ստեղծագործությունների/ վերաբերյալ, իսկ օրհներգի համար նախընտրելի է ամենահաջողված տարբերակը, քաղաքապետ, հանձնախմբի նախագահ Սուրեն Գրիգորյանն առաջարկեց երկու հեղինակների աշխատանքներն էլ տեղադրել Ստեփանակերտի քաղաքապետարանի կայքէջում, ինչպես նաև տպագրել <<Ազատ Արցախ>> հանրապետական և <<Ստեփանակերտ>> քաղաքային թերթերում և ունկնդրել ընթերցողներիկարծիքը: Ակնկալվում է, որ առաջարկվող տեքստերով որոշ կոմպոզիտորների մոտնաև ցանկություն կառաջանա` օրհներգի համար երաժշտություն գրել:
Սպասում ենք ընթերցողների արձագանքներին: Հավատացած եղեք, որ ընտրությունը լինելու է արդար ու անաչառ, և օրհներգի համար կերաշխավորվեն այն աշխատանքները, որոնք մրցույթում հաջողությամբ քննություն կբռնեն և կարժանանան հանրության հավանությանը:
Ստեփանակերտ քաղաքի օրհներգի /հիմնի/ մրցութային հանձնաժողով
Ձեր կարծիքներն ու տեսակետները կարող եք ուղարկել էլեկտրոնային հետևյալ հասցեով`stepmayor@mail.ru, Ստեփանակերտ քաղաքի օրհներգի /հիմնի/ մրցութային հանձնաժողովին
Արկադի Թովմասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ՕՐՀՆԵՐԳԸ
Վարարակնից ես դու ծնունդ առել
Ու դարձել այսօր անպարտ մի քաղաք,
Հայոց աշխարհի հերոս մի քաղաք,
Դու Ստեփանակերտ, մեր մայրաքաղաք:
Կրկներգ
Ստեփանակերտ, Ստեփանակերտ,
Մեր երազների քաղաք ձեռակերտ,
Դու պիտի ապրես ու հարատևես,
Մեր երազներից հրաշքներ կերտես:
Արցախ աշխարհի դու մայր սրբացած,
Փառք հերոսներին քո նահատակված,
Ոչ մի բարբարոս չի կարող գերել,
Չի կարողանա քո հողին տիրել…
Կրկներգ
Հզոր Մռովն է քեզ թիկունք եղել,
Ամարասն է քո հոգուն թև տվել,
Գանձասարն է քեզ հավատ պարգևել,
Որ ազատ ճախրես դու հար հավիտյան:
Կրկներգ
Գառնիկ Ավանեսյան
ՕՐՀՆԵՐԳ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ
Ազատ Արցախի սիրտն ես աննկուն,
Անվեհեր քաջաց օրրանը կանգուն,
Հայոց պայքարի ոգին անկոտրում,
Դրախտավայրը զորեղ ու գեղուն:
Կրկներգ
Ադամանդակուռ թագն ես Արցախի,
Դուռն ազատության գոյապայքարի,
Իմ Ստեփանակերտ, կարոտն ես հայի,
Հպարտությունը` մեր Տատ ու Պապի:
Ուժն ես հայության դու հավաքական,
Հայոց փրկության զարկը հաղթական,
Հայ մկրտության տունը զորական,
Ու համբերության թասը մոգական:
Կրկներգ
Վարարակն իմ հին, ծաղկում ես, բուրում
Բարեպաշտության ավանդույթներով,
Անձնուրաց որդու անունն ես կրում
Զորավոր խաչը ապավինելով:
Կրկներգ