15.10.2014   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

<<Սեփական եկամուտները միանշանակ պետք է ապահովել>>,- գտնում է քաղաքապետը

Այսօր կայացած Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, օրակարգում ներառված երկու տասնյակից ավելի հարցերի թվում, լսվեց քաղաքային համայնքի 2014 թ. բյուջեի 9 ամսվա կատարման մասին հաղորդումը: Այն ավագանու անդամների դատին ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Ըստ հաղորդման, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2014 թ. 9 ամսվա ընդհանուր մուտքերը կազմել են  777403.8 հազ.դրամ: Ընդ որում 31.2 տոկոսը  կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով պլանավորված  276958.0 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 242643.8 հազ.դրամ /կատարողականը կազմում է 87.6 տոկոս/:

Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 61921.7 հազ.դրամ, հողի հարկից հանձվող մուտքերը` 5906.4 հազ.դրամ:

Փոխադրամամիջոցներից մուտքագրվել է 75184.1 հազ.դրամի գույքահարկ, որը կազմում է պլանավորված 89110.0 հազ.դրամի 84.4 տոկոսը: Տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 48472.5 հազ.դրամ կամ նախատեսված պլանը կատարվել է 122.6 տոկոսով: Պետական տուրքերի  մասով կատարողականը կազմել է 90.2 տոկոս:

Համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների 68.8 տոկոսը կազմել է պետական բյուջեից տրամադրվող դոտացիան և սուբվենցիան: 2014թ. 9 ամսվա բյուջեի պլանավորված դոտացիայի և սուբվենցիայի ընդհանուր գումարը կազմել է 604512.3 հազ.դրամ, որից հատկացվել է 534760.0 հազ.դրամ:

9 ամսվա կտրվածքով մուտքագրվել է 35226.6 հազ.դրամ` պլանավորված 41741.0 հազ.դրամի դիմաց: Ըստ որում, կողմերի վարձակալության մասով համայնքային բյուջեի եկամուտները կազմել են 4121.9 հազ.դրամ: Գույքի վարձակալությունից 3350.0  հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 4160.5 հազ.դրամ, ինչը կազմում է պլանավորվածի 124.2 տոկոսը: Հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարների մուտքերը կազմել են 137.8 տոկոս, վարչական գանձումներից  ապահովված մուտքերը` 19557.2 հազ.դրամ կամ նախատեսված պլանը կատարվել է շուրջ 120 տոկոսով:

Նշվեց, որ դրա հետ մեկտեղ տույժերից և տուգանքներից մուտքերը կազմել են ընդամենը 2592.9 հազ.դրամ` 6700.0 հազ.դրամի դիմաց:

Քաղաքային համայնքի 2014թ. 9 ամսվա բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 788576.5 հազ.դրամի չափով, որը կազմում է նախատեսված 893344.7 հազ.դրամի 88.3 տոկոսը:

Անդրադառնալով բյուջեի 9 ամսվա կատարողականին առնչվող  սկզբունքային մի շարք հարցերի ու  իր  անհամաձայնությունը հայտնելով որոշ հարկատեսակների մասով գումարների հավաքագրման դանդաղ գործընթացի վերաբերյալ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը  ֆինանսա-բյուջետային բաժնի պետին և քաղաքապետարանի մյուս  պատասխանատուներին հանձնարարեց մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություններ ու անհրաժեշտ վերլուծություն կատարել թերացումների պատճառները երևան հանելու և հարկային պարտավորություններից խուսափողներին  վարչական տույժի ենթարկելու համար: Քաղաքապետը նշեց, թե <<Սեփական եկամուտները միանշանակ պետք է ապահովվեն, քանի որ  այդ և մյուս հարկատեսակների մասով գումարների լիարժեք հավաքագրումը հնարավորություն  կընձեռնի լուծում տալ քաղաքի համար կենսական հույժ կարևոր նշանակություն ունեցող  խնդիրներին>>: Ընդհանրացնելով խոսքը, նա ավելորդ չհամարեց ևս մեկ անգամ ընդգծել. <<Սեփական եկամուտների ապահովման  նշաձողը 100 տոկոսից չպետք է իջնի>>:

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշեց ի գիտություն ընդունել համայնքի 2014թ. բյուջեի 9 ամսվա կատարման մասին  հաղորդումը:

Նիստի օրակարգում  ընդգրկված հարցերի մեծ մասը  վերաբերում էր համայնքի սեփականություն հանդիսացող թվով 15 բնակարանների` նվիրատվության կարգով  օտարմանը, ինչի վերաբերյալ ավագանին տվեց իր համաձայնությունը`  կարծիք հայտնելով, թե գործընթացն, այնուամենայնիվ, շատ է  երկարում ու անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այն հնարավորինս արագ ավարտին հասցնելու  համար: Քաղաքապետ Ս.Գրիգորյանը համաձայնելով հնչեցված կարծիքի հետ, բնակարանային, կոմունալ տնտեսության և բնակապահովման բաժնի պետին հանձնարարեց մեխանիզմներ մշակել աշխատանքների հատկացման ուղղությամբ ու մինչև գալիք տարվա դեկտեմբերը մայրաքաղաքում ավարտել բնակարանների սեփականաշնորհման ողջ գործընթացը:

Ավագանին ուժը կորցրած ճանաչելով նախկինում  ընդունած որոշումը,  իր համաձայնությունը հայտնեց Համլետ Դավթյանին <<Ակադեմիկոս Թախթաջյանի անվան  բուսաբանական այգի>> փակ բաժնետիրական ընկերության տնօրեն  նշանակելու մասին որոշմանը:  Ավագանու մեկ այլ որոշմամբ  հաստատվեց ընկերության կառուցվածքը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար