<<Սեփական եկամուտները միանշանակ պետք է ապահովել>>,- գտնում է քաղաքապետը
Այսօր կայացած Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, օրակարգում ներառված երկու տասնյակից ավելի հարցերի թվում, լսվեց քաղաքային համայնքի 2014 թ. բյուջեի 9 ամսվա կատարման մասին հաղորդումը: Այն ավագանու անդամների դատին ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:
Ըստ հաղորդման, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2014 թ. 9 ամսվա ընդհանուր մուտքերը կազմել են 777403.8 հազ.դրամ: Ընդ որում 31.2 տոկոսը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով պլանավորված 276958.0 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 242643.8 հազ.դրամ /կատարողականը կազմում է 87.6 տոկոս/:
Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 61921.7 հազ.դրամ, հողի հարկից հանձվող մուտքերը` 5906.4 հազ.դրամ:
Փոխադրամամիջոցներից մուտքագրվել է 75184.1 հազ.դրամի գույքահարկ, որը կազմում է պլանավորված 89110.0 հազ.դրամի 84.4 տոկոսը: Տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 48472.5 հազ.դրամ կամ նախատեսված պլանը կատարվել է 122.6 տոկոսով: Պետական տուրքերի մասով կատարողականը կազմել է 90.2 տոկոս:
Համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների 68.8 տոկոսը կազմել է պետական բյուջեից տրամադրվող դոտացիան և սուբվենցիան: 2014թ. 9 ամսվա բյուջեի պլանավորված դոտացիայի և սուբվենցիայի ընդհանուր գումարը կազմել է 604512.3 հազ.դրամ, որից հատկացվել է 534760.0 հազ.դրամ:
9 ամսվա կտրվածքով մուտքագրվել է 35226.6 հազ.դրամ` պլանավորված 41741.0 հազ.դրամի դիմաց: Ըստ որում, կողմերի վարձակալության մասով համայնքային բյուջեի եկամուտները կազմել են 4121.9 հազ.դրամ: Գույքի վարձակալությունից 3350.0 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 4160.5 հազ.դրամ, ինչը կազմում է պլանավորվածի 124.2 տոկոսը: Հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարների մուտքերը կազմել են 137.8 տոկոս, վարչական գանձումներից ապահովված մուտքերը` 19557.2 հազ.դրամ կամ նախատեսված պլանը կատարվել է շուրջ 120 տոկոսով:
Նշվեց, որ դրա հետ մեկտեղ տույժերից և տուգանքներից մուտքերը կազմել են ընդամենը 2592.9 հազ.դրամ` 6700.0 հազ.դրամի դիմաց:
Քաղաքային համայնքի 2014թ. 9 ամսվա բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 788576.5 հազ.դրամի չափով, որը կազմում է նախատեսված 893344.7 հազ.դրամի 88.3 տոկոսը:
Անդրադառնալով բյուջեի 9 ամսվա կատարողականին առնչվող սկզբունքային մի շարք հարցերի ու իր անհամաձայնությունը հայտնելով որոշ հարկատեսակների մասով գումարների հավաքագրման դանդաղ գործընթացի վերաբերյալ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ֆինանսա-բյուջետային բաժնի պետին և քաղաքապետարանի մյուս պատասխանատուներին հանձնարարեց մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություններ ու անհրաժեշտ վերլուծություն կատարել թերացումների պատճառները երևան հանելու և հարկային պարտավորություններից խուսափողներին վարչական տույժի ենթարկելու համար: Քաղաքապետը նշեց, թե <<Սեփական եկամուտները միանշանակ պետք է ապահովվեն, քանի որ այդ և մյուս հարկատեսակների մասով գումարների լիարժեք հավաքագրումը հնարավորություն կընձեռնի լուծում տալ քաղաքի համար կենսական հույժ կարևոր նշանակություն ունեցող խնդիրներին>>: Ընդհանրացնելով խոսքը, նա ավելորդ չհամարեց ևս մեկ անգամ ընդգծել. <<Սեփական եկամուտների ապահովման նշաձողը 100 տոկոսից չպետք է իջնի>>:
Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշեց ի գիտություն ընդունել համայնքի 2014թ. բյուջեի 9 ամսվա կատարման մասին հաղորդումը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մեծ մասը վերաբերում էր համայնքի սեփականություն հանդիսացող թվով 15 բնակարանների` նվիրատվության կարգով օտարմանը, ինչի վերաբերյալ ավագանին տվեց իր համաձայնությունը` կարծիք հայտնելով, թե գործընթացն, այնուամենայնիվ, շատ է երկարում ու անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այն հնարավորինս արագ ավարտին հասցնելու համար: Քաղաքապետ Ս.Գրիգորյանը համաձայնելով հնչեցված կարծիքի հետ, բնակարանային, կոմունալ տնտեսության և բնակապահովման բաժնի պետին հանձնարարեց մեխանիզմներ մշակել աշխատանքների հատկացման ուղղությամբ ու մինչև գալիք տարվա դեկտեմբերը մայրաքաղաքում ավարտել բնակարանների սեփականաշնորհման ողջ գործընթացը:
Ավագանին ուժը կորցրած ճանաչելով նախկինում ընդունած որոշումը, իր համաձայնությունը հայտնեց Համլետ Դավթյանին <<Ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգի>> փակ բաժնետիրական ընկերության տնօրեն նշանակելու մասին որոշմանը: Ավագանու մեկ այլ որոշմամբ հաստատվեց ընկերության կառուցվածքը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար