22.04.2014 ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ
Ապրիլի 20-ին հայ Առաքելական եկեղեցին նշեց իր հրաշափառ տոներից մեկը` Սուրբ Զատիկը: Տոնակատարության ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը միջոցառում էր կազմակերպել մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու հարակից տարածքում: Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առիթով միջոցառմանը օրհնության խոսքով և բարեմաղթանքներով հանդեսը եկավ Արթուր Սարկավագը: Հաղորդավարը հակիրճ ներկայացրեց զատկական տոնի դերն ու նշանակությունը` մեր ժողովրդի հոգևոր կյանքում: Միջոցառումն ուղեկցվում էր հայկական ժողովրդական էթնիկ երգերով, պարերով, մրցույթներով և զատկական խաղերով: Սեղանները, բնականաբար, զարդարված էին տոնին համահունչ ուտեստներով` օրհնված կարմիր ներկված ձվերով, զատկական ծառով, թխվացքաբլիթներով, ժենգյալով հացով, բրնձի և չամիչի փլավով, կարմիր գինով… Տոնն անցավ բարձր տրամադրությամբ, իսկ շուրջպարին միացան ինչպես հասարակության ներկայացուցիչներն, այնպես էլ միջոցառմանը ներկա զինվորականները: Հրաշափառ հարության տոնը մասնակիցների համար լավ առիթ էր հոգեպես վերանորոգվելու, ինքնամաքրվելու և հավատքով զորանալու համար: Վերջում միջոցառման մասնակիցներին բաժանվել են օրհնված թխվացքաբլիթներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |