ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ

22.04.2014

Ապրիլի 20-ին հայ Առաքելական եկեղեցին նշեց իր  հրաշափառ տոներից մեկը` Սուրբ Զատիկը:

Տոնակատարության ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը միջոցառում էր կազմակերպել մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու հարակից տարածքում:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առիթով միջոցառմանը օրհնության խոսքով և բարեմաղթանքներով  հանդեսը եկավ Արթուր Սարկավագը:

Հաղորդավարը հակիրճ ներկայացրեց զատկական տոնի դերն ու նշանակությունը` մեր ժողովրդի հոգևոր կյանքում: Միջոցառումն ուղեկցվում էր հայկական ժողովրդական էթնիկ երգերով, պարերով, մրցույթներով և զատկական խաղերով: Սեղանները, բնականաբար,  զարդարված էին տոնին համահունչ ուտեստներով` օրհնված կարմիր ներկված ձվերով, զատկական ծառով, թխվացքաբլիթներով, ժենգյալով հացով, բրնձի և չամիչի փլավով, կարմիր գինով…

Տոնն անցավ բարձր տրամադրությամբ, իսկ շուրջպարին միացան ինչպես հասարակության ներկայացուցիչներն, այնպես էլ միջոցառմանը ներկա զինվորականները:

Հրաշափառ հարության տոնը մասնակիցների համար լավ առիթ էր հոգեպես վերանորոգվելու, ինքնամաքրվելու և հավատքով զորանալու համար:

Վերջում միջոցառման մասնակիցներին բաժանվել են օրհնված թխվացքաբլիթներ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար