12.03.2014 ՇՐՋԱՅՑԻՑ ՀԵՏՈ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՇՏԿՎԵԼ Է
Ստեփանակերտի պարտադիր բարեկարգման ենթակա ընդհանուր օգտագործման տարածքները շարունակում են քաղաքապետարանի քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժնի ուշադրության կենտրոնում մնալ: Ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ արտերկրից ժամանած հյուրերի համար, ակնահաճո է Ստեփանակերտի կոկիկությունը /մասնավորապես` քաղաքի կենտրոնական մասերում/: Սակայն ծայրամասային փողոցները ևս մաքուր և բարեկարգ տեսք պետք է ունենան, ինչը հաճախ բնակիչների ուշադրությունից վրիպում է: Մինչդեռ բոլորը պարտավոր են իրենց հոգատարությամբ նպաստել համընդհանուր տան հիմնահարցերի լուծմանը: Ելնելով Ստեփանակերտ քաղաքի բարեկարգման կանոնների պահպանման անհրաժեշտությունից, քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժինը պարբերաբար շրջայցեր է իրականացնում ինչպես քաղաքի կենտրոնական, այնպես էլ ծայրամասային թաղամասերում, հետևողական աշխատանքի շնորհիվ փորձում ապահովել հետիոտների ու ավտոտրանսպորտային միջոցների անխոչընդոտ երթևկությունն ու բնականոն շարժն ընդհանուր օգտագործման տարածքներում: Օրերս պլանային այցի շրջանակներում բացահայտվեց, որ Ստեփանակերտ քաղաքի Տեր-Գաբրիելյան, Մետաքսագործների և Սպանդարյան փողոցների ընդհանուր օգտագործման տարածքներում անմխիթար վիճակ է տիրում: Որոշ բնակիչների անփույթ վերաբերմունքի պատճառով բարեխիղճ քաղաքացիները զրկվել էին ավտոճանապարհը լիարժեք օգտագործելու հնարավորությունից: Ճանապարներին թափված էին ինչպես շինանյութեր, այնպես էլ կենցաղային օգտագործման իրեր, մեքենաների թափքի կմախքներ: Նշված թաղամասերի բնակիչները բաժնի ներկայացուցչի և թաղային ոստիկանների կողմից տեղում ստացան համապատասխան ցուցումներ` խախտումները եռօրյա ժամկետում վերացնելու հրամայականով: Ընդգծվեց, որ պահանջը չկատարելու դեպքում մեղավորները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Քաղաքապետարանի քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների վերահսկողության բաժնի պետ Սամվել Ղուլյանի հավաստմամբ, թաղամասի բնակիչներն անմիջապես հանձն են առել շտկել ստեղծված իրավիճակը ու այսօր նշված փողոցներում կարգուկանոն, մաքրություն է տիրում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |