ՇՐՋԱՅՑԻՑ ՀԵՏՈ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՇՏԿՎԵԼ Է

12.03.2014

Ստեփանակերտի պարտադիր բարեկարգման ենթակա ընդհանուր օգտագործման տարածքները շարունակում են քաղաքապետարանի քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժնի ուշադրության կենտրոնում մնալ:

Ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ արտերկրից ժամանած հյուրերի համար, ակնահաճո է Ստեփանակերտի  կոկիկությունը /մասնավորապես` քաղաքի կենտրոնական մասերում/:  Սակայն ծայրամասային փողոցները ևս  մաքուր և բարեկարգ տեսք պետք է ունենան, ինչը հաճախ բնակիչների ուշադրությունից վրիպում է: Մինչդեռ բոլորը պարտավոր են իրենց հոգատարությամբ նպաստել համընդհանուր տան հիմնահարցերի լուծմանը:

Ելնելով Ստեփանակերտ քաղաքի բարեկարգման կանոնների պահպանման անհրաժեշտությունից, քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժինը պարբերաբար շրջայցեր է իրականացնում ինչպես քաղաքի կենտրոնական, այնպես էլ ծայրամասային թաղամասերում, հետևողական աշխատանքի շնորհիվ փորձում ապահովել հետիոտների ու ավտոտրանսպորտային միջոցների անխոչընդոտ երթևկությունն ու բնականոն շարժն ընդհանուր օգտագործման տարածքներում: Օրերս պլանային այցի շրջանակներում բացահայտվեց, որ Ստեփանակերտ քաղաքի Տեր-Գաբրիելյան, Մետաքսագործների և Սպանդարյան փողոցների ընդհանուր օգտագործման տարածքներում անմխիթար վիճակ է տիրում: Որոշ բնակիչների անփույթ վերաբերմունքի պատճառով բարեխիղճ  քաղաքացիները զրկվել էին  ավտոճանապարհը լիարժեք օգտագործելու հնարավորությունից: Ճանապարներին թափված էին ինչպես շինանյութեր, այնպես էլ կենցաղային օգտագործման իրեր, մեքենաների թափքի կմախքներ: Նշված  թաղամասերի բնակիչները բաժնի ներկայացուցչի և թաղային ոստիկանների կողմից տեղում ստացան համապատասխան ցուցումներ` խախտումները եռօրյա ժամկետում վերացնելու հրամայականով: Ընդգծվեց, որ պահանջը չկատարելու դեպքում մեղավորները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Քաղաքապետարանի քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների վերահսկողության բաժնի պետ Սամվել Ղուլյանի հավաստմամբ, թաղամասի բնակիչներն անմիջապես հանձն են առել շտկել  ստեղծված իրավիճակը ու այսօր նշված փողոցներում կարգուկանոն, մաքրություն   է տիրում:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար