14.06.2013 ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հայաստանի և Արցախի մայրաքաղաքներ Երևանի ու Ստեփանակերտի միջև փոխհամագործակցության վերաբերյալ 2012թ. սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել հունիսի 11-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` ստեփանակերտցի գործընկերոջ Սուրեն Գրիգորյանի հետ կայացած հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տարոն Մարգարյանը գոհունակություն է հայտնել աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքներից և ընդգծել, որ նախանշված բոլոր առաջնահերթությունները շատ կարճ ժամանակում ծրագրային ընթացք են ստացել: Այդ են վկայում երկու մայրաքաղաքների միջև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում զգալի բարեփոխումներ են արձանագրվել: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` համատեղ ծրագրերի իրականացման հարցում մշտապես աջակցելու և հետևողականություն ցուցաբերելու համար: Ս.Գրիգորյանը նշել է, թե վերջերս Արցախում կազմակերպված համատեղ մարզաառողջարարական հետիոտն ճանաչողական արշավանքի կազմակերպումը ևս մի խթան կհանդիսանա երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունն ընդլայնելու և բարեկամությունն էլ ավելի ամրապնդելու համար: Հանդիպմանը քննարկվել են հետագա ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: |
< Վերադառնալ |