ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

14.06.2013

Հայաստանի և Արցախի մայրաքաղաքներ Երևանի ու Ստեփանակերտի միջև փոխհամագործակցության վերաբերյալ 2012թ. սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքի հետ կապված  հարցեր են  քննարկվել հունիսի 11-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` ստեփանակերտցի գործընկերոջ Սուրեն  Գրիգորյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Ինչպես տեղեկացրել են  Երևանի  քաղաքապետարանի  տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տարոն Մարգարյանը գոհունակություն է հայտնել աշխատանքային խմբերի կողմից  իրականացված աշխատանքներից և ընդգծել, որ նախանշված բոլոր առաջնահերթությունները շատ կարճ ժամանակում ծրագրային ընթացք են ստացել: Այդ են վկայում երկու մայրաքաղաքների միջև  քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում զգալի բարեփոխումներ են արձանագրվել:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` համատեղ ծրագրերի իրականացման հարցում  մշտապես աջակցելու և  հետևողականություն ցուցաբերելու համար: Ս.Գրիգորյանը նշել է, թե վերջերս Արցախում կազմակերպված համատեղ մարզաառողջարարական հետիոտն ճանաչողական արշավանքի կազմակերպումը ևս մի խթան կհանդիսանա երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունն ընդլայնելու և բարեկամությունն էլ ավելի ամրապնդելու համար:

Հանդիպմանը քննարկվել են հետագա ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: