ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

29.04.2013

ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ

 

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ ապրիլի 25-ին կայացած քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստում, օարակարգային մի շարք հարցերի թվում ներառված էր նաև համայնքի 2013թ. բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին հարցը:

Նիստում առաջին եռամսյակի կատարման մասին հազորդմամբ հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Ըստ պարոն Համբարձումյանի, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2013թ. 1-ին եռամսյակի բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 153660.0 հազ.դրամ (պլանավորված 188723.0 հազ.դրամ գումարի 81.4 %-ը): Ընդհանուր մուտքերի 52.5 %-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով պլանավորված 70350.0 հազ.դրամի փոխարեն հավաքագրվել է 80660.0 հազ.դրամ կամ կատարողականը կազմել է 114.7 %: Միևնույն ժամանակ նախորդ տարվա համեմատ սեփական եկուտները նվազել են 19502.2 հազ.դրամով: Հատկանշական է, որ սեփական եկամուտների 63.5 %-ը կազմել են հարկային եկամուտները: Նախատեսված 45100.7 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 51187.8 հազ.դրամ: Այսինքն կատարողականը կազմել է 113.5 %:

Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 18357.5 հազ.դրամ, հողի հարկից գանձվող մուտքերը` 2109.9 հազ.դրամ: Այն կազմում է պլանավորված 2125.0 հազ.դրամի 99.3%-ը: 2013թ. 1-ին եռամսյակի բյուջեի ընթացքում փոխադրամիջոցներից գույքահարկի գծով պլանավորված 22134.0 հազ.դրամի դիմաց մուտքագրվել է 29393.3 հազ.դրամ կամ կատարողականը կազմել է 132.8 %: Առաջընթաց է գրանցվել նաև ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարների մասով: Տեղական տուրքերի գծով պլանավորված 10373.4 հազ.դրամի դիմաց մուտքագրվել է 10646.8 հազ.դրամ (կատարողականը կազմել է 102.6%): Պետական տուրքերի գծով պլանը կատարվել է 118.5 %-ով: Նախատեսված 3485.0 հազ.դրամի դիմաց մուտքագրվել է 4128.1 հազ.դրամ: 2013թ. 1-ին եռամսյակի ընթացքում պլանավորված 952.0 հազ.դրամի դիմաց կատարողականը կազմել է 139.4 %: Ասել է, թե` այլ հարկային  եկամուտների գծով մուտքագրվել է 1327.1 հազ.դրամ,

Եկամուտների շրջանակում 1-ին եռամսյակի ընթացքում այլ եկամուտների գծով մուտքագրվել է 14697.5 հազ.դրամ` նախատեսված 11390.9 հազ.դրամի դիմաց, կամ ծրագրված առաջադրանք իրականացվել է 129.0 %-ով: Գույքի վարձակալությունից եկամուտների կատարողականը կազմել է 99.3 %: Նախատեսված 5185.9-ի դիմաց հավաքագրվել է 5149.5 հազ.դրամ: Վարչական գանձումների գումարը 3655.0-ի փոխարեն կազմել է6119.1 հազ.դրամ, կամ առաջադրանքը կատարվել է 167.4 %: Տույժերից և տուգանքներից մուտքերը կազմել են 3206.8 հազ.դրամ կամ մուտքերն աճել են 2.2 անգամ:

Իր խոսքում, անդրադառնալով համայնքի 2013թ. բյուջեի առաջին կիսամյակի արդյունքներին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն, ընդհանուր առմամբ, բավարար գնահատեց ձեռք բերված ցուցանիշները` նշելով, թե դրանք հիմք պիտի հանդիսանան հաջորդ եռամսյակում առավել շոշափելի հաջողություններ ամրագրելու համար: Քաղաքապետը, գոհունակություն հայտնելով քաղաքային տեսչության, քաղաքապետարանի համապատասխան կառույցների համատեղ, արդյունավետ գործունեության վերաբերյալ, միևնույն ժամանակ ընդգծեց, թե ձեռքբերումը չպետք է ինքնահանգստացնի քաղաքապետարանի պատասխանատուներին, մանավանդ առանձին հարկատեսակների գծով թերացումներ կան և ինքը հետևողական, տքնաջան աշխատանք է ակնկալում բոլորից:

Ավագանին, քննարկման դնելով առաջին եռամսյակի կատարման մասին հաղորդագրությունը, այն արժանացրեց հավանության:

Նիստում որոշումներ կայացվեցին ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու, Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքները ուղղակի վաճառքի կարգով օտարելու վերաբերյալ: Ավագանու կողմից նախկինում ընդունված մի շարք որոշումներում կատարվեցին փոփոխություններ: Ավագանին մասնավորապես ընդունեց որոշում` մայրաքաղաքի որոշ փողոցների անվանումների փոփոխման մասին: Այսպես. Ալեքսանդր Բեկզադյան փողոցից բացի այսուհետ կունենանք նաև Ալեքսանդր Բեկզադյան նրբանցք: Ռ.Զորգե փողոցին և նրա անվամբ ունեցած թվով 3 նրբանցքներին <<ավելացել>> են Ռ.Զորգե 4-րդ, 5-րդ նրբանցքներն ու Ռ.Զորգե 2-րդ փակուղին: Իսկ Հ.Գյուրջյան փողոցին և առաջին, երկրորդ փակուղիներին <<գումարվել>> են Հ.Գյուրջյան նրբանցքն ու 3-րդ փակուղին:

Նիստի ավարտին ավագանու անդամների կողմից բարձրացվեցին Ստեփանակերտի ներքաղաքային խնդիրներին առնչվող տարաբնույթ հարցեր, որոնց շուրջ պարզաբանումներով հանդես է եկավ քաղաքապետ Ս.Գրիգորյանը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար