ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ

22.03.2013

Մարտի 15-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքները, ուղենշել հետագա ծրագրերը:

Ողջունելով Տարոն Մարգարյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, Սուրեն Գրիգորյանն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել այցելության համար: Նա նշել է, որ ԼՂՀ մայարաքաղաքը ամենասերտ և նպատակային համագործակցությունը ծավալում է հենց Երևանի հետ: Ստեփանակերտը համագործակցում է մի շարք քաղաքների հետ, սակայն առաջին անգամ է, որ այդքան կարճ ժամանակահատվածում նման շոշափելի արդյունքներ են արձանագրվել և քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման գործում նկատելի առաջընթաց է գրանցվել: Ս.Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ տարեցտարի երկու մայրաքաղաքների միջև կապերն ավելի կամրապնդվեն և ձեռքբերումներն առավել շոշափելի կլինեն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջեր ընդունելության համար, նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է Ստեփանակերտի հետ կիսվելու իր փորձով և աջակցելու նոր ու հետաքրքիր ծրագրեր կյանքի կոչելու գործում: <<Ստեփանակերտը մեզ համար հարազատ օջախ է և երկուստեք փոխգործակցությունը պետք է լինի սրտացավ և նպատակային,- ասել է նա: -Այս վեց ամիսների ընթացքում ձևավորված աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքն իսկապես արդյունավետ է եղել: Սակայն մենք չպետք է բավարարվենք ձեռքբերածով և, շարունակելով մեր ակտիվ համագործակցությունը, պետք է նպաստենք Ստեփանակերտի հետ կապերի էլ ավելի ընդլայնմանն ու ամրապնդմանը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանը` ստեփանակերտցի իր գործընկերոջ հետ, պատվիրակության անդամների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել Արցախյան պատերազմում նահատակված հայորդիների շիրիմներին, մեկ րոպե լռությամբ հարգել  նրանց հիշատակը:

Նույն օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներին ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը /հանդիպմանը ներկա էր և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը/:

Օրվա երկրորդ կեսին Երևանից ժամանած հյուրերն այցելել են Շուշի և ծանոթացել քաղաքի տեսարժան վայրերին, ծաղիկներ դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել նպաստել Արցախի մշակութային կենտրոնի արտաքին տեսքի ձևավորման և բարեկարգման ծրագրերի իրականացմանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար