Այսօր ազգովի հիշում ենք 32 տարի առաջ Սումգայիթում գազանաբար սպանված մեր հայրենակիցներին: Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանը հենց Ստեփանակերտում կանգնեցվեց: Սա այն նույն հուշարձանն է, որի դիմաց ծաղիկներ ենք խոնարհում ամեն տարի:
32 տարի առաջ, փետրվարի 20-ին Ստեփանակերտը ցնծում էր՝ հավատալով, որ պատմական արդարությունը հաղթանակել է, հավատալով, որ ժամանակակից աշխարհում հնարավոր է առանց արյուն հեղելու խնդիրները կարգավորել: Սումգայիթում կատարվածը սովորական հանցագործություն չէր, այն սովորական ցեղասպանություն էր: Մարդկանց սպանել են պարզապես հայ լինելու համար: Սա նաեւ հայությանը սթափեցնող հարված էր. անգամ քաղաքակիրթ աշխարհում արդարության հասնելու համար պետք է ուժեղ լինել: Ստեփանակերտն առաջիններից մեկը ընդունեց Սումգայիթի փախստականներին: Նրանց ցավը դարձավ մեր ցավը, նրանց հոգսը՝ մեր հոգսը: Այսօր էլ Սումգայիթից փրկված բազմաթիվ ընտանիքներ ապրում են Ստեփանակերտում: Ոմանց խնդիրները հաջողվել է լուծել, ոմանք էլ՝ դեռ իրենց հերթին են սպասում: Օրն առիթ է մեկ անգամ եւս հավաստիացնելու, որ ոչ-ոք չի մոռացվել: Խնդիրների լուծումը շարունակելու է մնալ մեր առաջնահերթությունների թվում: Այդ մասին մենք հիշում ենք ոչ թե փետրվարի 28-ից փետրվարի 28, այլ ամեն օր: