ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԳՈՐԾՈՂ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ

14.10.2019

 

Ի ՇԱՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ

 

Մեկ տասնյակից ավելի հարցեր էին ընդգրկված հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի գործող քաղաքային համայնքի ավագանու հրավիրված վերջին նիստում, որ վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Ավագանին, քննարկումների արդյունքում ի գիտություն ընդունեց քաղաքային համայնքի 2019թ. բյուջեի 9 ամսվա կատարման մասին տեղեկատվությունը  /հաշվետվությունը/, որով հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Ըստ հաղորդման, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2019թ. 9 ամսվա ընդհանուր մուտքերը կազմել  են 1 մլրդ 741 հազար դրամ, որը կազմում է ծրագրվածի 88.8%-ը: Ընդհանուր մուտքերի 26.7%-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով պլանավորված 327 մլն 619 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 287 մլն 137 հազար դրամ:

Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 60 մլն 396 հազար դրամ`նախատեսված 83 մլն 750 հազար դրամի փոխարեն: Փոխադրամիջոցներից մուտքագրվել է 112 մլն 405 հազար դրամի գույքահարկ: Տեղական  տուրքերի գծով մուտքագրվել է 46 մլն դրամ, որը կազմում է նախատեսվածի 98.1 %-ը: Պետական տուրքերի գծով մուտքագրվել է 15 մլն  դրամ կամ կատարողականը կազմել է 132.1%:

Համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների 73.3 %-ը կազմել է պետական բյուջեից տրամադրվող դոտացիան: Ընդ որում, 9 ամսվա բյուջեի պլանավորված դոտացիայի գումարը կազմել է 882 մլն դրամ, որից հատկացվել է 787 միլիոնը: 9 ամսում մուտքագրվել է 35 մլն դրամ կամ կատարողականը կազմել է 110.5%:

Քաղաքային համայնքի 2019թ. 9 ամսվա բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 1 մլրդ 677 հազար դրամի չափով, որը կազմում է պլանավորվածի 87.6 %: Կազմակերպությունների գծով նախատեսված 827 մլն 583 հազար դրամի դիմաց ֆինանսավորվել է 780 մլն 763. հազար դրամ: Փողոցների լուսավորման ծախսերն իրականացվել են 94.9%, շենքերի և շինությունների կառուցման ծախսերը` 99.9 %, իսկ շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման ծախսերը` 100.0%-ով:

Իր տեսակետն արտահայտելով բյուջեի կատարողականի վերաբերյալ, քաղաքապետի Ս.Գրիգորյանը դրական գնահատեց եկամուտների աճի մասով արձանագրված առաջընթացը, որն էապես նպաստում է մայրաքաղաքի կենսական խնդիրների լուծմանը: Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 31 մլն դրամով ավել գումար է հավաքագրվել 9 ամսում, ինչը հուսալի նախադրյալ է մինչև տարեվերջ աճի տեմպերն ապահովելու համար:

Նիստում հավանություն տրվեց  քաղաքային համայնքի ավագանու անդամի ծախսերը փոխհատուցելու նպատակով, պահուստային ֆոնդից 450 հազար դրամ քաղաքային համայնքի ավագանու անդամներին հատկացնելու վերաբերյալ որոշման նախագծին: Ավագանին իր համաձայնությունը տվեց Վ.Սարգսյան փողոցի հ. 25 շենքից` գրասենյակներ օգտագործելու համար, վարձակալության իրավունքով ոչ բնակելի տարածքներ տրամադրելու, ինչպես նաև  համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք շենքերից նվիրատվության կարգով բնակարաններ օտարելու մասին որոշման նախագծերին:

Ամփոփելով նիստը, գործող քաղաքապետը ավագանու անդամներին և քաղաքապետարանի պատասխանատուներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար, նորընտիր քաղաքային համայնքի անդամներին մաղթեց հաջողություններ ու ամենայն բարիք` մայրաքաղաքի և քաղաքապետարանի առջև  ծառացած խնդիրների լուծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, Ստեփանակերտի հետագա զարգացման և բարգավաճման լավագույն ավանդույթների պահպանման գործում: Փոխըմբռնման համար շնորհակալական խոսքով հանդես եկան և ավագանու մի խումբ անդամներ:

 

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն