ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԻ ՕՐԸ

01.10.2019

ՊԱՀՊԱՆԵԼՈՎ  ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ԿՏԱԿԵԼՈՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

 

Մայրաքաղաքում սեպտեմբերի 28-ին համաժողովրդական տոնախմբություն էր: Ստեփանակերտցիները հերթական անգամ նշեցին սիրելի քաղաքի օրը: Առավոտից մայրաքաղաքի զինանշանով ու դրոշներով, գույնզգույն փուչիկներով զարդարված ավտոմեքենաները զվարթ երաժշտության ուղեկցությամբ հայտնվելով փողոցներում, քաղաքապետարանի անունից ծաղիկներ և հուշանվերներ էին բաժանում անցորդներին Ստեփանակերտի օրվա կապակցությամբ, շռայլորեն շնորհավորանքներ հղում միմյանց:

Տոնակատարության մասնակիցները /ստեփանակերտցիներ, հանրապետության տարբեր շրջաններից եկած բնակիչներ, արտերկրից ժամանած հյուրեր/, Ս.Շահումյանի անվան պուրակ էին շտապում ընբոշխելու օրվա տոնական միջոցառումների հագեցած ծրագիրը: Տարեցներն անգամ սովորականից կենսախինդ էին, ուրախ: Եկել էին հպարտանալու հարազատ ծննդավայրի ձեռքբերումներով, սերնդակիցների, երիտասարների հետ կիսելու քաղաքի ծննդյան օրվա հետ կապված վաղեմի հիշողությունները: Նրանց շարքերում են և պատվավոր քաղաքացու կոչման արժանացած ստեփանակերտցիներ, որոնք հարգանք ու հեղինակություն են վայելում Արցախում, և իրենց արժանի ներդրումն ունեն քաղաքի  կառուցման ու նրա դիմանկարի կերտման, երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Այսօր նրանք վստահությամբ հերթափոխը հանձնում են երիտասարդներին` համոզված լինելով, որ ավանդույթների և արժեքների պահպանումը գտնվում է հուսալի ձեռքերում…

Տարեցտարի նոր հեռանկարներ են բացվում քաղաքի զարգացման համար: Այդ տեսակետից բավականին արգասաբեր է մայրաքաղաքներ Երևանի ու Ստեփանակերտի միջև սկզբնավորված համագործակցությունը, որ շարունակ ընդլայնում է իր շրջանակները: Ստեփանակերտը վարչական ու տնտեսական կենտրոն լինելուց բացի նաև արցախահայության գիտական ու մշակութային, համայն հայության միավորման ու ոգեշնչման կարևորագույն կենտրոններից մեկն է հանդիսանում, որն իրեն է ձգում մեծ թվով զբոսաշրջիկների` աշխարհի ամենատարբեր ծայրերից:

Ավանդույթի համաձայն, քաղաքի օրվան նվիրված հանդիսավոր արարողության մեկնարկը տրվել է Ս.Շահումյանի անունը կրող օղակաձև պուրակում, ուր քաղաքապետարանի մշակույթի տան փողային նվագախումբն էր զվարթ տոնական երաժշտություն հնչեցնում:

Ժամը 11-ին խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք. Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանի գլխավորած պատվիրակության անդամները` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ, որպես հարգանքի տուրք, ծաղիկներ խոնարհեցին Ստեփան Շահումյանի հուշարձանին և խնկարկեցին նրա հիշատակը: Այստեղ էր նաև Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

Պուրակի ընդարձակ տարածքում ստեփանակերտցիներին և մայրաքաղաք ժամանած հյուրերին էին ներկայացվել Արցախի նկարիչների, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Շուշիի Ա.Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի և մայրաքաղաքի Հ.Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաների ստեղծագործությունները: Կազմակերպվել էր նաև արցախյան հին գորգերի և կարպետների, հուշանվերների ցուցահանդես-վաճառք: Եվ, բնականաբար, ներկայացվող գործերն այնքան հետաքրքիր էին` ձևի և բովանդակության, գեղագիտական ընկալումների առումով, ուշագրավ, որ տոնակատարության մասնակիցներից շատերը գնումներ կատարեցին և առանց հուշանվերների չլքեցին յուրահատուկ տոնավաճառը: Արվեստի սիրահարներին անակնկալ էր մատուցել և հանրապետության վաստակավոր նկարիչ Հովիկ Գասպարյանը, ում <<Իմ Ստեփանակերտը>> խորագրով ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը բացվել էր քաղաքի պատկերասրահում:

Անցորդների ուշադրությունից չվրիպեց և երիտասարդների  միասնական շուրջպարը` պուրակի երգող շատրվանների հարևանությամբ հրապարակում մասնակից դարձնելով Արցախ այցելած զբոսաշրջիկներին: Մարզամշակութային միջոցառումների հագեցած ծրագիրը շարժեց տոնի մասնակիցների հետաքրքրությունը: Այստեղ մարզական իրենց կարողություններն էին ցուցադրում շախմատի, ծանրաձողի մարզաձևի սիրահարները, պատանի ձյուդոիստներն ու բռնցքամարտիկները:  Նրանց կողքին աշխույժ հանդես էին բացել ազգային երգուպարի սիրահարները, իսկ հարևանությամբ ասֆալտի վրա փոքրիկները ներկայացրել էին իրենց պատկերացումներն ու երևակայությունները` միահյուսելով աշնան թավշյա գույներն ու բույրերը:

Քաղաքապետարանը,  նպատակ ունենալով ընդլայնել միջոցառումների շրջանակները, համերգներ և մարզական մրցումներ էր կազմակերպել ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլև ծայրամասային թաղամասերում` փորձելով ավանդական տոնին մասնակից անել առավել մեծ թվով ստեփանակերտցիների: Ուշադրությունից դուրս չէին մնացել նաև հասարակական  կազմակերպություններն ու կառույցները: Քաղաքապետարանի անունից, հանրապետական ծննդատանը ծաղիկների հետ արժեքավոր նվերներ են բաժանել նորածին փոքրիկների մայրերին: Հիշարժան տոնին չեն անտեսվել և ամուսնացող նորապսակ զույգերը` հարսանեկան հանդեսին ստանալով նվերներ և բարեմաղթանքներ:

<<Մայրաքաղաքի բնակչությունն իր արժանի տեղն ունի արցախահայության նորօրյա պետականության կերտման ու անկախության ամրապնդման գործում,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ  նշեց գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: - Ստեփանակերտը մեր պետականության դեմքն ու այցեքարտն է և, համոզված եմ, որ սերունդներն այսուհետ ավելի կարժևորեն  ու շատ կսիրեն իրենց մայրաքաղաքը, անձնապես կնպաստեն նրա կառուցմանն ու բարեկարգմանը, զարգացման ծրագրերի իրագործմանը, կանեն հնարավորը, որպեսզի վերածնվող Ստեփանակերտը լինի ավելի գեղեցիկ , հրապուրիչ և ներդաշնակ>>,- ասաց նա:

Քաղաքի օրվան նվիրված հանդիսությունները եզրափակվել են մշակույթի և երիտասարդական պալատում կայացած տոնական համերգով և Ստեփանակերտի մասին պատրաստված փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմամբ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն