Սեպտեմբերի 28-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է Ստեփանակերտի օրվա կապակցությամբ հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին, Ս.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել փոխքաղաքապետին` հրավերն ընդունելու և տոնական տրամադրությունները միասին կիսելու համար: Կարևորելով երկու մայրաքաղաքների և քաղաքապետարանների միջև հետզհետե խորացող համագործակցությունը, նա նշեց, թե ներկա այցը բարեկամությունն ամրապնդելու ևս մի օրինակ է, և նման հանդիպումները միմիայն խանդավառում, նորանոր ձեռնարկումների և մտահղացումների իրագործման առիթ են հանդիսանում: Քաղաքապետն անդրադարձել է Ստեփանակերտի վերակառուցման և բարեկարգման խնդիրներին, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մշակվող և իրականացվող ծրագրերին, գոհանակություն հայտնել փոխվստահության և փոխըմբռնման համար` նշելով, թե <<Երևանի ու Ստեփանակերտի միջև սկզբնավորված բարեկամությունը օրինակ կարող է հանդիսանալ շատերի համար>>:
Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը տոնի առիթով շնորհավորել է բոլոր ստեփանակերտցիներին և շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար,վստահեցրել, որ ավանդական կապերն ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն համագործակցության շրջանակները: Նա խոստովանեց, թե անկեղծորեն ուրախացել է` <<տեսնելով վերակառուցվող, բարեկարգվող ու շենացող ծաղկուն Ստեփանակերտը, որ օրեցօր գեղեցկանում, սրտեր է խանդավառում, մարդկանց ձգում իր գիրկը>>: Ս.Հարությունյանը Ս.Գրիգորյանին հանձնեց` քաղաքի օրվա կապակցությամբ նրան ու Ստեփանակերտի բնակչությանը հղած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը:
Վերջում Սուրեն Գրիգորյանն ու Սերգեյ Հարությունյանը հուշանվերներ փոխանակեցին:
Հանդիպմանը ներկա էին Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն