Սիրելի ստեփանակերտցիներ
Ստեփանակերտի օրվա կապակցությամբ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Մեզնից յուրաքանչյուրն անկեղծորեն հպարտանում է մեր քաղաքի անցյալով ու ներկայով, նրա հոգևոր, պատմամշակութային արժեքներով, հուշարձաններով: Այդ առումով տոներն առիթ են ևս մեկ անգամ հետադարձ հայացք ձգելու մեր անցած ճանապարհին և վերաարժևորելու այն:
Կազմավորման օրվանից, դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ է անցել մայրաքաղաք Ստեփանակերտը: Չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից` նախկին մարզի ու նրա կենտրոնի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությանը, մարզկենտրոնի հայկական ճարտարապետական դիմագիծն ամեն կերպ խաթարելու և արմատներից կտրելու փորձերին, Հայաստանի և Արցախի երևելի արվեստագետների ու ճարտարապետների ազգապահպան առաքելության շնորհիվ, հոգևոր-մշակութային կյանքը շարունակում էր գոյատևել:
1988-ի Արցախյան ազգային-ազատագրական շարժումը մեր ժողովրդի հոգևոր զարթոնքի սկիզբը հանդիսացավ: Ստեփանակերտը, որպես հարազատ օջախ, իր տանիքի տակ առավ ազատության համար պայքարի ելած զավակներին: Այն ժողովրդի համար դարձավ ոչ միայն գլխավոր հավաքատեղի, այլև ռազմական իրադրության հետ կապված զարգացող գործընթացները համակարգող կենտրոնակայան: Այս տեսանկյունից անգնհատելի է մայրաքաղաքի դերը` թշնամու դեմ մարդկանց ուժերն համախմբելու և միասնաբար պայքարն առաջ մղելու գործում:
Վերջին տարիներին շինարարական-վերականգնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է քաղաքը, դարձել գեղեցիկ ու բարեկարգ: Հաջողվել է լուծել առաջնահերթ, կենսական նշանակության մի շարք խնդիրներ, որոնց մասին երազում էինք: Իշխանությունների համար այսօր մայրաքաղաքում աշխատանքների ծավալման գլխավոր ուղղություններ են շարունակում հանդիսանալ բնակարանաշինությունն ու դպրոցաշինությունը, առողջապահությունը, փողոցների և զբոսայգիների, բազմաբնակարան շենքերի բակերի վերակառուցումն ու հիմնանորոգումը: Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է մնում ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգման ու արտաքին լուսավորման խնդիրը, քաղաքի կանաչ տարածքների ընդլայնումը, օրինակելի սանիտարական մաքրության պահպանումը:
Որպես հանրապետության մայրաքաղաք, Ստեփանակերտը տարեցտարի զարգացում է ապրում, ինչին իրենց անձնական ձեռնարկմամբ նպաստում են հազարավոր համաքաղաքացիներ, ձեզնից յուրաքանչյուրը: Արցախ ժամանած այցելուների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը ձևավորվում է Ստեփանակերտում: Հետևաբար, մեր քաղաքը մշտապես մաքուր և գեղեցիկ, հրապուրիչ պիտի լինի բոլորի համար, մեր հանրօգուտ աշխատանքով նպաստենք սիրելի Ստեփանակերտի զարգացմանն ու բարգավաճմանը:
Թանկագին ստեփանակերտցիներ
Վերստին շնորհավորում եմ քաղաքի օրվա առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ, խաղաղություն, անձնական երջանկություն: