<<ԿԱՐԿԱՌ>> ՃԱՄԲԱՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ
Մեկ տասնյակից ավելի հարցեր են ընդգրկված եղել սեպտեմբերի 5-ին կայացած Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստում, որ վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ինչպես հայտնի է, 2018թ. մայիսի 22-ին Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև` ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության: Բանաձևում կոչ է արվել նաև կենտրոնական կառավարությանը պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու նրա քաղաքացիների հետ: 2019թ.հուլիսի 23-ին Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է մեկ այլ բանաձև Ստեփանակերտ քաղաքի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին:
Ելնելով վերոգրյալից և ակնկալելով երկար և փոխշահավետ համագործակցություն մշակույթի, կրթության, տնտեսության ու այլ բնագավառներում, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշեց Ավստալիայի Ռայդ քաղաքը հռչակել որպես քույր քաղաք:
Ավագանին իր համաձայնությունը տվեց նաև Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Ն.Ստեփանյանի անվան զբոսայգու տարածքից 558.90 քառ.մ և 270.90 քառ.մ հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասը մրցույթով տրամադրելուն:
Նիստում որոշում կայացվեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցք N4 հասցեում գտնվող 4.184505 հա հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասը և 1111.59 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության շինություններն անհատույց օգտագործման իրավունքով` փոխատվության կարգով, 15 տարի ժամկետով անհատ ձեռնարկատեր Ազատ Գրիգորիի Ադամյանին տրամադրելուն` նպատակային ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով: Խոսքը վերաբերում է <<Կարկառ>> ճամբարի տարածքում զբոսաշրջային համալիրի վերակառուցմանը ու բարեկարգմանը, երիտասարդության ժամանցի ու հանգստի արդյունավետ կազմակերպմանը: Ըստ ծրագրի պատասխանատուների, այն կնպաստի զբոսաշրջության, մասնավորապես` ագրոտուրիզմի զարգացմանը:
Նիստում որոշումներ ընդունվեցին համայնքի սեփականություն հանդիսացող տների ու բնակարանների նվիրատվության կարգով օտարելու, ոչ բնակելի տարածքներ վարձակալության իրավունքով տրամադրելու, ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:
Ավագանին բավարարեց <<Արցախի կույրերի միավորում>> հասարակական կազմակերպության խնդրանքը անհատույց օգտագործման իրավունքով ոչ բնակելի տարածք տրամադրելու վերաբերյալ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն