<<ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ>>
Մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել են Երևանի մշակութային օրերը:
Ավանդույթի համաձայն, մեկնարկը տրվել է հուշահամալիրից: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակության անդամները, որի կազմում են մաեստրո Տիգրան Մանսուրյանը, ՀՀ խորհրդարանի պատգամավորներ, քաղաքի ավագանու անդամներ, արվեստի և մշակույթի գործիչներ, ծաղկեպսակ են տեղադրել հուշահամալիրում, ծաղիկներ խոնարհել հայրենիքի ազատության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին:
Այնուհետև պատվիրակության անդամներն ուղևորվել են մայրաքաղաքում տեղակայված ՊԲ Վ.Սարգսյանի անվան մոտոհրաձգային հատուկ բրիգադի զորամաս, ուր կայացել է Սպարապետի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Իր խոսքում Երևանի քաղաքապետ Հ.Մարությանը նշեց, որ տարին հոբելյանական է ինչպես Հայաստանի ու Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի, այնպես էլ` աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համար: <<Առիթն օգտագործելով, քաղաքապետարանը որոշել է <<Երևանյան օրերի>> շրջանակում միջոցառումների շարք կազմակերպել Արցախում, ուր թե սպարապետը և թե մաեստրոն, սեր և խոր հարգանք են վայելում,- ասաց Հ.Մարությանը: Նա զինվորներին շնորհավորելով հիշարժան իրադարձությունների կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ կշարունակեն ազնվիրաբար ծառայել հայրենիքին ու բարձր պահել այն զորամասի պատիվը ուր հարուստ ավանդույթներ են ձևավորվել և իրականացնում են իրենց առաքելությունը:
Տղաները ջերմ ծափերով ողջունեցին <<Մարաթուկ>> մշակութային կենտրոնի արտիստներին, ովքեր ներկայացրին Վ.Սարգսյանի կողմից սիրված ռազմահայրենասիրական երգերը:
<<Երևանի օրերը>> երեկոյան շարունակեցին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, որի շրջանակում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանի առիթով կայացավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Երեկոյին գլխավորապես հնչեցին Եղիշե Չարենցի և Ավետիք Իսահակյանի տեքստերով գրված մաեստրոյի ստեղծագործությունները: Համերգի ավարտին իր զգացումները ու տպավորությունները կիսելով լրագրողների հետ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը խոստովանեց, թե ինքը միշտ էլ հիացմունքի զգացում և հատուկ վերաբերմունք է ունեցել պատմական Հայաստանի և Արցախյան հատվածի նկատմամբ:
<<Անկեղծորեն հպարտանում եմ մարդկանց հոգու արիությամբ և դիմադրելու, դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու կարողությամբ, ինչը բոլորի համար օրինակ պիտի հանդիսանա,- նշեց աշխարհահռչակ արվեստագետը : - Ես ինձ երջանիկ եմ գում, որ վերստին Արցախում եմ և հլու-հնազանդ երաժշտասերների, համերգի կազմակերպիչների <<հորդորներին>>, <<Երևանի օրերն>> Արցախում ծրագրի շրջանակում իմ ստեղծագործություններն են ներկայացվում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, պատմական նշանակություն ունեցող մի այնպիսի վայրում, որտեղ ավելի քան 30 տարի առաջ պոռթկաց արցախյան համազգային շարժումը և ցնցեց ամողջ աշխարհը: Հոբելյանական այս համերգաշարը, որ մեկնարկում է Արցախից, հավանաբար, իր շարունակությունը կունենա ու ես հոգեպես հաղորդակից կդառնամ իմ սիրելի ունկնդիրների, արվեստասերների հետ, նրանց կփոխանցեմ իմ լավագույն բարեմաղթանքներն ու հոգու ջերմությունը>>, - լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ում ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում կայացավ նրա ստեղծագործությունների աննախադեպ մեծ համերգը:
Համերգին, որ ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ և կառավարության անդամներ, ՀՀ կառավարական պատվիրակության կազմը, բազմաթիվ հյուրեր արտերկրից, մաեստրոյի արվեստի երկրպագուները, հնչեցին կոմպոզիտորի` տարբեր տարիների գրված ստեղծագործություններ: Համերգին նվագակցում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Ելույթից առաջ ողջույնի խոսքով հանդես է եկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությամբ նա շնորհավորել է ներկաներին և խորհրդանշական համարել Արցախում` <<Երևանյան օրերի>> շրջանակում` Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների համերգի կազմակերպումը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Քաղաքապետը 80-ամյա հոբելյանի կապակցությամբ <<Արգիշտի>> հուշամեդալ է հանձնել Տ.Մանսուրյանին ու մաղթել արցախյան երկարակեցություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ` ի փառս հայ երաժշտական արվեստի զարգացման, Հայաստանի ու Արցախի բարգավաճման>>: Երևանի հետ ակտիվ համագործակցության համար Հ.Մարությանը <<Արգիշտի>> հուշամեդալով պարգևատրել է նաև գործընկերոջը` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին:
Հավելենք, որ մինչև սեպտեմբերի 13-ը հանրապետությունում անցկկացվեն <<Մանսուրյանական օրեր>>:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն