Երկհերթ գործող <<Արևիկ>> դպրոցական ճամբարում, որ տեղակայված է Ստեփանակերտի հ.10 հիմնական դպրոցի շենքում, 150 երեխաներ են հանգստանում մայրաքաղաքի տարբեր կրթօջախներից:
Ըստ ճամբարի պետ Անահիտ Հակոբյանի, յուրաքանչյուր հերթափոխում թվով 150 աշակերտ է ընդգրկվում և ճամբարականների համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները` դրսևորելու իրենց ընդունակություններն ու կարողությունները, ստանալու նոր գիտելիքներ, արդյունավետ անցկացնելու ամառային հանգիստը: Բնականաբար, պատշաճ հիմքերի վրա է դրված նաև երեխաների սննդի կազմակերպման գործը և պետությունը հոգում է սննդի ապահովման ու առօրյա ժամանցի հետ կապված անհրաժեշտ ծախսերը:
Հուլիսի 18-ին ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը, որ ուղեկցվել է ձևավորված թվով 5 խմբերի երեխաների ելույթներով` արտասանություններով, երգերով ու պարերով, ներկա են գտնվել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, գերտեսչության պատասխանատուներ, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը, այլ պաշտոնաներ:
Հիշարժան իրադարձության առիթով ճամբարականներին ողջունել և բարեմաղթանքի ջերմ խոսքեր է փոխանցել նախարար Ն.Աղաբալյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն