ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՄԱՆՈՒԿՆԵՐ ԵՆ` ՈՒՐԱԽ ՈՒ ԶՎԱՐԹ ՀԱՅԱՑՔՆԵՐՈՎ
Նորանկախ Արցախի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանությունը, նրանց համար երջանիկ և անհոգ մանկություն ապահովելու խնդիրները շարունակում են առաջնահերթ մնալ: Երկրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին, նրանց առողջության պահպանմանը: Կազմակերպիչների կողմից ջանք չի խնայվել հունիսի 1-ը երեխաների համար տոն դարձնելու համար: Ինչպես գերատեսչությունները, այնպես էլ` մայրաքաղաքում գործող հասարակական կազմակերպությունները ձգտել են ոգևորություն պարգևել մանուկներին, օրը լցնել ջերմությամբ ու ժպիտներով:
Ինչպես հանրապետւության մյուս բնակավայրերում, Ստեփանակերտում նույնպես երեխաների առօրյան անցել է աշխույժ ու հետաքրքիր: Դրան մեծապես նպաստել է հանրապետությունում չճանաչված երկրների ֆուտբոլի ասոցիացիաների (CONIFA) հովանու ներքո Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էին և դպրոցականները: Ծրագրի շրջանակում կազմակերպվել են մի շարք ուշագրավ միջոցառումներ` համերգներ, թատերականացված բեմադրություններ, մարզական մրցումներ: Նպատակը մեկն էր` մարզամշակութային ծրագրերով առավել տոնական, հագեցած և զվարճալի դարձնել օրը:
Առավոտյան Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ընդարձակ բակում մեկնարկել է <<Կավճանկարներ` ասֆալտի վրա>> միջոցառումը` Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի նկարչական խմբերի` թվով 100 սաների մասնակցությամբ: << Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր ներաշխարհը, սիրած թեմաները, և ձգտում էր նկարներին միահյուսել հոգու ջերմությունն ու ստեղծագործական մտահղացումները: Ու նկատել էր պետք, թե նրանք ինչպիսի խանդավառությամբ էին ցուցադրում իրենց շնորհքն ու կարողությունները: Լավագույն գործերի հեղինակները քաղաքապետարանի կողմից արժանացան խորհրդանշական նվերների>>, - ասում է մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանը:
Մրցույթին հաջորդել է երեխաների օրվան նվիրված տոնական համերգը` Ստեփանակերտի մշակույթի տան գեղարվեստական խմբերի ուժերով, որին իրենց մասնակցությունն են բերել նաև քաղաքի Հ.Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաները: Հնչել են հայրենասիրական երգեր և արտասանություններ, որոնք ուղեկցվում էին ջերմ ծափողջյուններով: Երգացանկի մի զգալի մասը վերաբերում էր Հայրենիքին, Արցախ աշխարհին, մայրաքաղաք Ստեփանակերտին: Իսկ օրվա գլխավոր հերոսները երեխաներն էին` ուրախ ու զվարթ հայացներով:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն