ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՂՈՂԱՆՋՆԵՐՆ ԱԶԴԱՐԱՐԵՑԻՆ ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ

24.05.2019

 

ՆՐԱՆՑ Է ՎՍՏԱՀՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

 

Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ևս հնչել է վերջին զանգը: Ասել է թե առանձնահատուկ, խորհրդանշական, հուզումնալից օր էր շրջանավարտների, նրանց ուսուցիչների և ծնողների համար: Բոլորն են գիտակցում, որ դպրոցական վերջին զանգով մի նոր էջ է բացվում շրջանավարտների կյանքում: Յուրաքանչյուրը գնալու է իր ճանապարհով: Եվ անկախ այն բանից, թե ինչ ընտրություն են նրանք կատարելու, ակնհայտ է, որ հաստատ ամրագրել են իրենց տեղն ու դերը կյանքում և, անշուշտ գործելու են ի նպաստ հայրենիքի զորացման և շենացման:

Հատկանշական է, որ 2018-2019 ուսումնական տարում շուրջ 1970 իններորդցիներ, և 1350 տասներկուերորդցիներ են հրաժեշտ տալիս դպրոցին ու, ավարտական քննություններ հանձնելով, վճռական որոշումներ կկայացնեն ուսումնառության հետագա քայլերը հստակեցնելու վերաբերյալ /մայրաքաղաքի հանրակրթարաններում 687 իններորդցի և 438 12-րդն ավարտած շրջանավարտ է հաշվվում/:

Վերջին զանգի, կյանքի հիշարժան իրադարձության կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորական ուղերձներ են հղել հանրապետության նախագահը, կրթության, գիտության և սպորտի նախարարը, Ստեփանակերտի քաղաքապետն ու շրջվարչակազմերի ղեկավարները, համոզմունք հայտնելով, որ նպատակասլաց օգտագործելով իրենց ներուժը, նրանք կկարողանան ճիշտ կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում, հաղթահարել բոլոր դժվարությունները և լավատես մնալով առաջ ընթանալ, հարստացնել ձեռք բերած գիտելիքները ու պիտանի մարդ դառնալ հայրենիքի համար: Չէ որ նրանք Արցախի Հանրապետության այն սերունդն են, որ վաղը վստահվելու է հայրենիքի ճակատագիրը: Մի երկրի, որի ազատության և անկախության համար հազարավոր հայորդիների իրենց կյանքն են զոհաբերել` ակնկալելով նրա լուսավոր ապագան:

<Վերջին զանգին> նվիրված հանդիսություններն առանց հուզմունքի չեն անցել Ստեփանակերտի կրթօջախներում: Այդ միջոցառումներին ներկա են գտնվել ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ով ներկայացել է մայրաքաղաքի հ. 11 ավագ դպրոց, պատգամավորներ, կառավարությոն անդամներ, գերատեսչության ղեկավարներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ:

Վերջին զանգի առիթով մայրաքաղաքի դպրոցներ են հաճախել և հիշարժան իրադարձության կապակցությամբ շրջանավարտներին, նրանց ուսուցիչներն ու ծնողներին շնորհավորել են Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանը /հ. 11 ավագ դպրոց/, Արմեն Հակոբյանը /մայրաքաղաքի ֆիզմաթ թեքումով դպրոց/, քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը /հ. 8 դպրոց/, քաղաքապետարանի այլ պատասխանատուներ:

Վերջին զանգին նվիրված հանդիսությունները եզրափակվել են երեկոյան` Վերածննդի հրապարակում` շրջանավարտների մասնակցությամբ կայացած մշակութային միջոցառմամբ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն