ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հաշված օրեր են մնում չճանաչված երկրների ֆուտբոլի ասոցիացիաների կոնֆեդերացիայի /CONIEA/ հովանու ներքո անցկացվելիք Եվրոպիայի առաջնությանը:
Մայրաքաղաքը վաղուց է նախապատրաստվում քաղաքական նշանակություն ունեցող այդ հիշարժան իրադարձությանը: Բարեկարգվել, կանաչապատվել է Ստեփանակերտը, տոնական տեսք ստացել, դարձել ավելի գեղեցիկ ու հմայիչ: Ամենուր աչքի են զարնվում առաջնության մասին տեղադրված բարձրաճաշակ գովազդներն ու պաստառները, վահանակները:
Թե առաջիկայում ինչպիսի գործընթացներ են ակնկալվում մարզական ուշագրավ այդ միջոցառման հետ կապված, այդ մասին մանրակրկիտ քննարկումներ են ծավալվել մայիսի 21-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին քաղաքապետարանի աշխատակիցներից բացի հրավիրվել էին նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Աշոտ Դանիելյանը, առաջնության կազմակերպման հանձնաժողովի պատասխանատուներ: Հանդիպմանն իրականացվող աշխատաքների վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես է եկել հանձնախմբի համակարգող Ավետիս Գրիգորյանը, ով միաժամանակ պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:
Եվս մեկ անգամ կարևորելով միջազգային առաջնության նշանակությունը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանի և նրա ենթակայության տակ գտնվող`կենսաապահովման համակարգի պատասխանատուներին մի շարք հանձնարարություններ է տվել:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն