ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

15.05.2019

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՎԱԳԱՆՈՒ <ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ> ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

 

Մայիսի 15-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով մայրաքաղաք ժամանած Երևան քաղաքի ավագանու <Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատվիրակությանը` խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին և անդրադառնալով 2012թ. սեպտեմբերին հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների բարեկարմության և փոխգործակցության մասին ստորագրված համաձայնագրի շրջանակներում իրականացված ծրագրերին, Ս.Գրիգորյանը բարձր է գնահատել անցած տարիներին ամենատարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները, որոնք նպաստել են գործընկերային անկեղծ, անմիջական հարաբերությունների հաստատմանն ու փոխվստահության ամրապնդմանը, Ստեփանակերտի ու Երևանի միջև կապերի ընդլայնմանը, համագործակցությամն խորացմանը: Քաղաքապետի խոսքով, տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների, հարյուրավոր փոխայցելությունների, փորձի փոխանակման արդյունքում ձևավորվել են հարուստ ավանդույթներ, ծնունդ առել և իրագործվել բազմաթիվ մտահղացումներ: Եվ, որպես ասվածի վկայություն, Ս.Գրիգորյանը շեշտեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում <Ազատամարտիկների այգու> հիմնադրման օրինակը, որ այսօր մայրաքաղաքի բնակչության, բոլոր արցախցիների և հյուրերի համար դարձել է ժամանցի և հանգստի սիրելի վայր, գողտրիկ անկյուն: Քաղաքապետը համոզմունք հայտնեց, որ երկու մայրաքաղաքների միջև սկզբնավորված համագործակցությունը կշարունակվի և նորանոր հաջողություններ կարձանագրվեն:

Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, <Բարգավաճ Հայաստան> խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը վստահեցրեց, թե նման այցելությունները կլինեն շարունակական և իրենք ևս իրենցից կախված ամեն ինչ կանեն ստեղծված արժեքները զարգացնելու և ամրապնդելու համար: <Արցախը մեր հայրենիքի սուրբ մասունքներից է, որին ավագների օրինակով անմնացորդ պիտի նվիրվել ու սիրել, - ասաց  նա:-Ահա թե ինչու այս հրաշք երկիրը ժամանելուց` իմ սրբազան պարտքը համարեցի համբուրել հողը ու երդվել հավատարիմ մնալ մեր պապերի ու հայրերի պատգամներին>:

Վերջում Ս.Գրիգորյանն ու Մ.Մանրիկյանը հուշանվերներ փոխանակեցին:

Հանդիպմանը ներկա էին Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանը, Արմեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը և պաշտոնատար այլ անձինք:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն