ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԳՅՈՒՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.05.2019

Ստեղծված ավանդույթի համաձայն, մայիսի 7-ին Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաները Մեծ հայրենականում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ կազմակերպել էին տոնական համերգ`շնորհավորելով հայրենիքի պաշտպաններին: Ըստ արվեստի դպրոցի  տնօրեն Էվելինա Լալայանի, նման միջոցառումների անցկացումը երեխաների մեջ հայրենասիրություն սերմանելու նպատակ է հետապնդում:

Միջոցառման մեկնարկը տրվեց պարարվեստի բաժնի սաների կողմից հայկական պարի կատարմամբ: Բացի պարային կատարումներից, արվեստի դպրոցի սաները երգեցին, դաշնամուրի ու քանոնի վրա նվագեցին: Տոնական համերգին հրավիրված էին Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ, պատասխանատուներ:

Օրը տոնական էր, լեցուն` հայրենասիրական ոգով համեմված կատարումներով: Համերգը եզրափակվեց հերոսների երգով` դպրոցի երգչախմբի սաների կատարմամբ:

Էվելինա Լալայանը շնորհավորելով ներկաներին` մաղթեց առողջություն, հաջողություններ, երկրին խաղաղություն ու անառիկ սահմաններ:

Ռազմամարզական վարժարանի սան Սվետլանա Ասրյանը, ով այս ուսումնականում ավարտում է վարժարանը, դրական լիցքրով հեռացավ միջոցառումից` միանալով բեմից հնչեցված շնորհավորանքներին:

Նույն վարժարանի ավարտական կուրսի սան Լենա Ամիրխանյանի համար համերգը տպավորիչ էր, հատկապես փոքրիկների մասնակցությունը մեծ ոգևորություն առաջացրեց:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն