Հաշվի առնելով, որ ապրիլի 20-ին հայտարարված շաբաթօրյակը, եղանակային անբարենպաստ եղանակի պատճառով չի կայացել մայրաքաղաքում` ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակի շրջանակում, ապրիլի 27-ին անցկացվել է համաքաղաքային շաբաթօրյակ, որին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներից, կազմակերպություններից և ընկերություններից բացի, ներգրավվել էին նաև Ստեփանակերտի կենսապահովման ոլորտի մի շարք հիմնարկությունների, պետական կառույցների և գերատեսչությունների կոլեկտիվներ:
Քաղաքապետը կարևորելով հիշյալ տոնակատարությունների քաղաքական նշանակությունը, ընդգծել է, որ անհրաժեշտ բոլոր քայլերը պետք է ձեռնարկվեն շաբաթօրյակը պատշաճ մակարդակով անցկացնելու, մայիսյան տոներին արժանապատվորեն նախապատրաստվելու համար:
Համաքաղաքային շաբաթօրյակին հատկապես ակտիվորեն են մասնակցել Ստեփանակերտի հիմնարկ-ձեռնարկությունները /անկախ սեփականության ձևից/, ուսումնական հաստատությունները, <<Սանմաքրում>>, <<Ջրմուղ կոյուղի>>,Ակադեմիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>> ընկերությունների աշխատանքային կոլեկտիվները: Միջոցառմանն իրենց աջակցությունն են բերել և պաշտպանության բանակի ու Արտակարգ իրավիճակների պետական ծառայության միավորումները: Ապահովվել է քաղաքի սանմաքրումն ու աղբահանությունը` մայրաքաքաղաքի տարածքից, տոնական տեսքի են բերվել զբոսայգիներն ու պուրակները, հասարակական վայրերը: Ընդլայնվել են կանաչ գոտիները, տնկվել մատղաշ ծառեր ու թփեր, կիրապատկվել, մշակվել սիզամարգերը, հողը նախապատրաստվել է ծաղիկների սածիլմանը:
Ըստ փոխքաղաքապետ, համաքաղաքային հանձնաժողովի նախագահ Արմեն Հակոբյանի, այդ աշխատանքներին զուգընթաց մայրաքաղաքը շարունակվում է բարեկարգվել և գեղեցկանալ, տոնական տեսք ստանալ ու նախապատրաստվել մայիսյան տոներին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն