2012-Ը` ՀԻՇԱՐԺԱՆ Է ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

24.12.2012

Հաշվետու ժամանակաշրջանում, ըստ կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանի, արվել է հնարավորը` սովորողների կրթության գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Ուշադրության կենտրոնում են եղել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  երեխաների ուսուցման և ապագա քաղաքացու հայեցի դաստիարակության հարցերը, աշխատանքներ են տարվել դասի, ուսումնական պարապմունքների, արտադասարանական, արտադպրոցական և  մարզական միջոցառումների կազմակերպման բարձր մակարդակ ապահովելու ուղղությամբ:

Կազմակերպված են անցել առարկայական օլիմպիադաների դպրոցական և քաղաքային փուլերը, հայրենասիրական երգերի փառատոնը, <Տարվա լավագույն դպրոց>, <Տարվա լավագույն ուսուցիչ>, <Տարվա լավագույն զինղեկ>, <Տարվա լավագույն դաստիարակ> մրցույթների քաղաքային փուլերը, <Արծվիկ> ռազմամարզական խաղերը, <ԼՂՀ անկախության 20-ամյակին>, Մայիսյան եռատոնին նվիրված ստեղծագործական շարադրությունների և նկարների, Ստեփանակերտի օրվան նվիրված շարադրությունների, Սայաթ-Նովայի-300 և Եղիշե Չարենցի 115-ամյակներին նվիրված ասմունքի մրցույթները, քաղաքային բաց դասերը, ավանդական դարձած մի շարք այլ միջոցառումներ:

Բաժնի պետ Կ.Մարգարյանի համոզմամբ, ուսումնական տարին նշանավորվել է նրանով, որ թողարկվել են 12-ամյա կրթության առաջին շրջանավարտները: Հատկանշական է և այն հանգամանքը, որ 12-ամյա կրթություն իրականացնող դպրոցների շրջանավարտները տվել են առաջադիմության բարձր տոկոս: Միևնույն ժամանակ մտահոգիչ է մնում գիտելիքների որակական կողմը, հատկապես` բնագիտա-մաթեմատիկական առարկաներից:

Առաջին անգամ կազմակերպվել է ուսուցիչների ատեստավորում, ըստ որում, ատեստավորման հայտ ներկայացրած 139 ուսուցչից 138-ի գործունեությունը համապատասխանել է իրենց զբաղեցրած պաշտոններին: Ընթացիկ տարին կրթության համակարգի համար նշանավորվել է նրանով, որ հետևողականորեն շարունակվել է դպրոցաշինության գործընթացը: Ավարտին են մոտենում հ.3 միջնակարգ դպրոցի վերակառուցման աշխատանքները, ընթացքի մեջ են հ.1 և հ.6 հիմնական դպրոցների նոր մասնաշենքերի կառուցման, ինչպես նաև հ.5 հիմնական դպրոցի բակի բարեկարգման աշխատանքները: Սկսված է նախկին հ.4 մսուր-մանկապարտեզի տարածքում 20 խմբանոց նոր մանկապարտեզի մասնաշենքի շինարարությունը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար