ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ`ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.04.2019

 

Սիրելի մայրեր, քույրեր, աղջիկներ

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Այն հնարավորություն է ընձեռնում ևս մեկ անգամ արժևորել ու, գնահատելուձեր վաստակը, նվիրումն ու բարությունը, հոգու վեհությունն ու գեղեցկությունը:

Անգնահատելի է ձեր դերը, սիրելի կանայք, երկրի համար ֆիզիկապես ամուր և բազմակողմանի զարգացած, հայրենասեր սերունդ դաստիարակելու գործում: Ձեր անսահման սիրո ու քնքշանքի, անսասան կամքի ու զորեղ հավատքի շնորհիվ էր, որ արցախյան շարժման տարիներին համախմբվեցինք ու հետևողականորեն շարունակեցինք մեր պայքարը: Մեր ժողովրդի համար օրհասական պահերին միասնության կոչով մարտի նետվեց ձեր կողմից սնած ու դաստիարակված հայ զինվորը, ու դաժան պատերազմում ծնկի բերելով թշնամուն, աշխարհին ապացուցեցինք Արցախի անպարտելիությունն ու հավերժությունը:

2016թ. ապրիլյան ողբերգական իրադարձությունները ևս մի նոր փորձաքար հանդիսացան մեր ժողովրդի համար: Հանուն հայրենիքի անվտանգության` վերստին կուռ միասնություն դարձան ու համախմբվեցին Արցախը, Հայաստանն ու Սփյուռքը: Եվ թշնամին արժանի հակահարված ստացավ ու ետ շպրտվեց ելման դիրքեր: Մեր մայրերի, կանանց օրհնանքը զորավիգ եղավ հայ զինվորին` դրսևորելու իր քաջությունն ու անպարտելիությունը, կրկնելու ավագների սխրանքը:

Այսօր էլ դուք ձեր ուսերին մեծ բեռ եք կրում` տղամարդկանց հետ հավասարապես մասնակցելով պատերազմի հետևանքով տուժած տնտեսության վերականգնմանը, մայրաքաղաքի կենսական խնդիրների լուծմանը: Ակտիվորեն ներգրավվելով խաղաղ շինարարությանը, անում եք հնարավորը` մեր քաղաքն առավել գեղեցիկ դարձնելու, հարուստ ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: Հատկապես անուրանալի է սոցիալական ոլորտում, կրթության և մշակույթի, առողջապահության բնագավառներում կատարած ձեր բոլորանվեր աշխատանքը, որն ուղղված է մատաղ սերնդի կրթմանն ու դաստիարակմանը, բնակչության առողջության պահպանմանն ու հոգևոր արժեքների կերտմանը: Քաղաքային իշխանություններն այսուհետև ևս ամեն ինչ կանեն կանանց հոգսերը թեթևացնելու, զբաղվածության խնդրին առավել մեծ ուշադրություն դարձնելու համար, լայնորեն կաջակցեն սոցիալապես անապահով ընտանիքներին:

Թանկագին մայրեր, քույրեր, աղջիկներ

Վերստին շնորհավորելով ավանդական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղություն ու երջանկություն: Սեր, համերաշխություն ու ամենայն բարիք` բոլոր հայ ընտանիքներին: