Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակի ծրագիրը, որի համաձայն մարտի 15-ից ապրիլի 15-ը մեծածավալ աշխատանքներ են նախատեսվում իրականացնել: Ապրիլի 20-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ:
Ըստ միամսյակի միջոցառումների ծրագրի, պետական գերատեսչությունները, հիմնարկ-ձեռնարկություններն ու ուսումնական հաստատությունները, ընկերությունները, անկախ սեփականության ձևից, կմասնակցեն սանմաքրության և կանաչապատման աշխատանքներին, կկատարեն ծառատունկ, կբարեկարգեն պետական շինությունների և բնակելի շենքերի շրջակայքը:
Քաղաքապետարանի պատասխանատուներին, մասնավորապես` աշխատանքների նախապատրաստման և անցկացման հանձնաժողովի անդամներին, հանձնարարված է արդյունավետ համակարգել ծրագրված միջոցառումները և նպաստել մայրաքաղաքի բարեկարգմանը, նախապատրաստմանը սանմաքրմանն ու կանաչապատմանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն