ՈԳԵԿՈՉԵԼՈՎ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

28.02.2019

ՈԳԵԿՈՉԵԼՈՎ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

 

31 տարի առաջ, երբ Արցախի ժողովուրդը պատմական անարդարությունը վերանայելու պահանջով, խաղաղ ցույցեր և հանրահավաքներ էր անցկացնում Ստեփանակերտում ու Մոսկվա էր ուղարկվել մայր Հայաստանին վերամիավորելու վերաբերյալ ԼՂԻՄ մարզխորհրդի  արտահերթ նստաշրջանի որոշումը, հայերին ահաբեկելու և համաժողովրդական պայքարը կանգնեցնելու նպատակով, Ադրբեջանի ղեկավարությունը, Կրեմլի ուղղորդմամբ, հայազգի քաղաքացիների ջարդ կազմակերպեց Սումգայիթում, ինչը բարբարոս իր բոլոր դրսևորումներով <<մեկնարկային>> հանդիսացավ հանրապետության մյուս հայաշատ բնակավայրերի  համար:

Դահճի կողմից իրականացված հրեշավոր եղեռնին զոհ գնացին մի քանի տասնյակ անմեղ մարդիկ, այդ թվում` կանայք, երեխաներ ու ծերեր: Երեք օր շարունակ թուրք ոճրագործներն ու ազգայնամոլները ոստիկանության աջակցությամբ սարսափելի խոշտանգումների, սրի և հրի մատնեցին հայերին` <<գործողության>> մեջ դնելով  սպանդի, միջնադարի ժամանակներում իրենց նախորդներից ժառանգած ամենահրեշավոր ու անմարդկային ձեռնարկումները: Ցավոք, ԽՍՀՄ իշխանություններն  ու միջազգային կազմակերպությունները, որոնք կաարող էին կանխել ողբերգության հետագա սրացումն ու տարածումը` Ադրբեջանի մյուս քաղաքների վրա, անարձագանք թողեցին սումգայիթյան դեպքերը: Եվ, օգտվելով ամենաթողությունից, ազգերի մարդասպանների կողմից հայերի ջարդերն ու բռնի տեղահանումները զանգվածային բնույթ ստացան` վերաճելով արցախահայության  դեմ զինված պատերազմի:

31 տարի է անցել  այդ հրեշավոր դեպքերից, սակայն անդառնալի կորստի ցավից չեն սպիանում հարազատների վերքերը, 1988-ի փետրվարյան մղձավանջային օրերի հիշողությունները չեն լքում այդ ծանր ողբերգությունն ապրած մարդկանց, իրադարձությունների անմիջական ականատեսներին…

Փետրվարի 28-ին ոգեկոչելով  Սումգայիթի զոհերի հիշատակը, Ստեփանակերտի հասարակության ներկայացուցիչները բազմամարդ երթ կազմակերպեցին դեպի մայրաքաղաքի հուշահամալիր` իրենց բողոքն արտահայտելով անցյալ դարավերջի աննախադեպ եղեռնագործության նկատմամբ: Ժամը 11-ին երթի մասնակիցներին միացան և հարգանքի տուրք մատուցելով, Սումգայիթի զոհերի  հիշատակը խորհրդանշող հուշարձանին ծաղիկներ դրեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը` Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և  պետական այրերի  ուղեկցությամբ:

Անմեղ զոհերի հիշատակը հարգել է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն