ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը /պետ` Կարինե Հարությունյան/, մայրաքաղաքի պոեզիայի ու երաժշտության սիրահարների մասնակցությամբ նախաձեռնել էր հետաքրքիր միջոցառում:
Գրական-երաժշտական երեկոյին, որ ներկա էին արցախի գրական ընտանիքի ներկայացուցիչներ` գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի գլխավորությամբ, բուհերի դասախոսներ և ուսումնական հաստատությունների ուսուցիչներ, մշակույթի և արվեստի բնագավառի աշխատողներ, պարզապես` պոեզիայի երկրպագուներ: Նրանց կողմից հնչեցվեցին ինչպես հայ դասականների, այնպես էլ` ժամանակակից գրողների և արվեստագետների ստեղծագործություններ: Միջոցառմանը ներկա գտնվող բանաստեղծներն էլ կարդացին իրենց նախընտրած գործերից, խոսեցին պոեզիայի, գրականության գործառնական նշանակության մասին, անդրադարձան անվանի հայ ճանաչված գրողների հետ կապված իրենց հիշողություններին:
Երեկոյին, որ համեմված էր ասմունքով, երգ ու երաժշտությամբ, ու անցավ ջերմ, անմիջական մթնոլորտում, հաճելի տպավորություններով <<տուն ուղեկցեց>> մասնակիցներին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն