ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին քաղաքապետարանի պատասխանատուներ, մի շարք ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ, քննարկումների արդյունքում հստակեցվել են 2019թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների ծախսերը` ըստ ոլորտների և ուղղությունների:
Համաձայն նախագծի, քաղաքային համայնքի միջոցների հաշվին 178146.9 հազար դրամ կհատկացվի մայրաքաղաքում կապիտալ շինարարության համար: Մասնավորապես գումարներ են նախատեսվում սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանների կապիտալ վերանորոգման, հենապատերի և աստիճանների կառուցման, մանկական խաղահրապարակների և տաղավարների շինարարության ու վերանորոգման, արտաքին լուսավորման համակարգի բարելավման, ճանապարհային երթևեկության նշանների պատրաստման ու տեղադրման և այլ ծրագրերի իրականացման համար:
Համայնքի 2019թ.բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ընթացիկ նորոգման ծախսերը գլխավորապես բաժին են ընկնում ճանապարհային առանձին հատվածների, մայթերի ու եզրաքարերի ընթացիկ վերանորոգմանը, բազմաբնակարան շենքերի վերելակների, ներքին ջրագծերի և կոյուղագծերի սպասարկմանը, շենքերի և առանձնատների տանիքների վերանորոգմանը, նկուղների մաքրմանը, ճանապարհային լուսակիրների սպասարկմանը, փողոցների գծանշմանը ու անվանատախտակների տեղադրմանը, կանաչ տարածքների ընդլայնմանը և այլն:
Քաղաքապետն ամփոփելով խորհրդակցությունը, ներկաներին հորդորել է առանձնացնել առաջնահերթությունները և ձեռնամուխ լինել ծրագրերի իրագործմանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն