Դեկտեմբերի 25-ին հանդբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքային համայնքի ավագանու նիստերի դահլիճում հյուրընկալել է ՀՀ մինչև 14 տարեկան պատանիների և մինչև 16 տարեկան աղջիկների` հանդբոլի առաջնությունում առաջին տեղը գրաված թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին:
Ջերմորեն շնորհավորելով նրանց մարզական նշանակալի հաղթանակի և գալիք Նոր տարվա կապակցությամբ, Ս.Գրիգորյանը նրանց մաղթել է նորանոր հաջողություններ և անձնական երջանկություն: <<Հանդբոլը դեռևս խորհրդային տարիներին պահանջված և սիրված մարզաձև է հանդիսացել երիտասարդության շրջանում ու ձևավորվել են լավագույն ավանդույթներ,- իր խոսքում նշեց քաղաքապետը:- Ուրախ եմ այսօր ողջունելու նոր սերնդի այն ներկայացուցիչներին, ովքեր շարունակում են հարուստ ավանդույթները, նպաստում սպորտի զարգացմանը և հաղթանակներ նվաճում առաջնություններում: Հորդորում եմ միշտ բարձր պահել թիմերի պատիվը և մրցույթներից տուն վերադառնալ միայն հաղթանակած>>, - ընդգծեց Սուրեն Գրիգորյանը և հանդիսավոր պայմաններում քաղաքապետարանի պատվոգրեր և արժեքավոր նվերներ հանձնեց մարզիկներին և նրանց մարզիչներին:
Մարզական ձեռքբերման համար հանդբոլի թիմերին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսքեր ուղղեց նաև քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի և պարգևների արժանանալու համար, մարզիչ Մարիետա Հովհաննիսյանը և աղջիկների թիմի անդամ Եվա Ղուկասյանը վստահեցրին, թե ուր էլ մրցումների մեկնեն, կձգտեն հաղթանակել և ծածանել Արցախի Հանրապետության դրոշը:
Արարողությանը ներկա էր նաև փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն