ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄԸ` ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ
Արցախի մայրաքաղաքը դեռ դեկտեմբռրի սկզբներից է նախապատրաստվում Ամանորին:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում,քաղաքի պուրակներում և փողոցներում, պետական հաստատություններում, հասարակական վայրերում գրեթե ավարտված են տոնական ձևավորման ու զարդարման, լուսային գունեղ շղարշների և խորհրդանշական հնչեղ գուներանգներով պաստառների տեղադրման աշխատանքները, որոնք համակարգվում են քաղաքապետարանի տոնական միջոցառումների կազմակերպման ու անցկացման հանձնաժողովի կողմից:
Այդ գործընթացին ակտիվորեն ներգրավվել են քաղաքապետարանի համապատասխան բաժինների, <<Բնակշահագործման տնտեսություն>> ՓԲԸ, <<Արցախէներգո>> ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղի, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի հավաստմամբ, Վերածննդի հրապարակում տեղադրվող երկրի գլխավոր տոնածառից բացի քաղաքի տարբեր վայրերում, թաղամասերում ևս տեղ կգտնեն Ամանորի տոնածառեր: Ընդ որում, դրանց մեծ մասը պուրակներում վաղուց <<հաստատված>> կենդանի եղևնիներ են, որոնք զարդարվելով լուսային էֆեկտներով, կշարժեն ոչ միայն փոքրիկների, այլև մեծերի հետաքրքրությունը:
Հատկանշական է նաև, որ նախադպրոցական երեխաների համար կկազմակերպվեն Ամանորի տոնական միջոցառումներ:
Մասնավորապես` Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ծրագրվում է Նոր տարվա ուրախ հանդես` Ձմեռ պապի, Ձյունանուշի և <<Ձմեռային հեքիաթի>> մյուս հայտնի հերոսների մասնակցությամբ: Քաղաքապետարանի կողմից բոլոր փոքրիկներին նվերներ կբաժանվեն:
Պարոն Հակոբյանի տեղեկացմամբ, դեկտեմբերի 19-ին Վերածննդի հրապարակում կկայանա հանրապետության գլխավոր տոնածառի պաշտոնական լուսավորման արարողությունը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն