ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ՆՎԱՃԱԾՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ
Դեկտեմբերի 5-12-ը Ստեփանակերտ քաղաքի աշխատանքային կոլեկտիվների մարզական թիմերի միջև անցկացվել է բասկետբոլի առաջնություն:
Ըստ Ստեփանակերտի քաղաքապետի հատուկ հանձնարարականների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանի, միջոցառման հիմնական նպատակը <<աշխատողների հանգստի կազմակերպումը և առողջ ապրելակերպի ձևավորումն է հանդիսանում>>:
Առաջնությանը մասնակցում էին 8 թիմեր: Համառ պայքարում 1-ին մրցանակային տեղը գրավել է պաշտպանության բանակի թիմը, 2-րդ տեղը` Ազգային անվտանգության ծառայության, իսկ 3-րդ տեղը` էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության թիմերը:
Մրցանակային տեղեր նվաճած թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից արժանացել են պատվոգրերի և դրամական պարգևի, պարգևատրվել կրթության, գիտության և սպորտի նախարարության սպորտի վարչության գավաթին: Բասկետբոլի հանրապետական ֆեդերացիայի կողմից նույնպես թանկարժեք նվերներ են հանձնվել մարզիկներին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն