ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ

15.11.2018

 

 

Մայրաքաղաքի հետ կապված կենսական նշանակության խնդիրներ, ինչպես նաև կազմակերպչական բնույթի տարբեր հարցեր են քննարկվել նոյեմբերի 15-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված  աշխատանքային խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի հրավիրվել էին մի շարք կազմակերպությունների և ընկերությունների  ղեկավարներ, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ստեփանակերտ քաղաքի արտակարգ իրավիճակների բաժնի պետը, այլ պաշտոնյաներ:

Քաղաքապետը ներկաների ուշադրությունը հրավիրել է բազմաբնակարան շենքերի նկուղներում ձևավորված ապաստարանների  կահավորման անհրաժեշտության վրա, հրահանգել այդ ուղղությամբ արդյունավետ աշխատանքներ իրականացնել:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ամանորի տոնական միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու վերաբերյալ: Ս.Գրիգորյանը     քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող  ընկերությունների  պատասխանատուներից փորձել է պարզել ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը ու մի շարք հանձնարարություններ տվել նրանց:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն